Ադրբեջանի ԶՈւ երկու զինծառայող է սպանվել առաջնագծում • Ռազմինֆոն հայտնաբերել է Ադրբեջանի ԶՈւ ևս երկու վիրավոր զինծառայող • Ռուսաստանի ԶՈւ հարավային ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության լրիվ աստիճանի • Սիրիայի քրդերը գրավել են Թուրքիայի հետ սահմանակից կարևոր ավիաբազա • Սիրիայում նախատեսվում է հրադադար հաստատել • ՆԱՏՕ-ն հսկելու է Էգեյան ծովում ներգաղթյալների շարժը • ՆԱՏՕ ՌԾՈւ-ն Թուրքիայի ՌԾՈւ հետ վարժանքներ են անցկացրել • ՆԱՏՕ-ն ավելացնում է իր ուժերը Միջերկրական, Սև ծովերում • Իրանը կարող է կործանիչներ գնել Ռուսաստանից • Ռուսաստանում վնասազերծվել են ԻՊ ահաբեկիչներ • Վրաստանում վերապատրաստվել են ՆԱՏՕ անդամ և գործընկեր պետությունների զինծառայողներ • Թուրքիայի ԶՈւ զինծառայողների քանակն ավելացել է 1 տոկոսով • Թուրքիայի ԶՈւ-ն քաղաքային մարտերի վարժանքներ է անցկացրել • Թուրք-քրդական բախումները շաբաթվա ընթացքում • «Անքա» ԱԹՍ-ն համալրել է Թուրքիայի ԶՈւ սպառազինությունը • Վրաստանի «Դելտան» հակակարկտային կայաններ է վաճառելու Մոլդովային • Էգեյան ծովում վարժանքի ժամանակ անհետացել է Հունաստանի ԶՈւ ուղղաթիռ

ՌԴ ԶՈւ ՀՌՇ ռազմաօդային ուժերի ուղղաթիռները փետրվարի 8-12-ին անցկացված մարտական պատրաստության հանկարծակի ստուգումներին
• Փետրվարի 10-ին հայ-ադրբեջանական շփման գծում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Գուլիև Ռահիբ Նարիման օղլուն։ Փետրվարի 12-ին էլ շփման գծում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ այլ զինծառայող, դիպուկահար կրտսեր սերժանտ Զեյնալով Էլմիր Սերխան օղլուն։ Երկու կորուստների համար էլ Ադրբեջանի ՊՆ-ն մեղադրում է հայկական կողմին։
• Փետրվարի 8-9-ը Ռազմինֆոն հայտնաբերել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների վիրավորման դեպքեր, որոնց մասին Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները չեն հայտնել: Հայտնաբերված երկու դեպքում էլ զինծառայողները վիրավորվել են առաջնագծում, մարտական գործողության ժամանակ: Զինծառայողների մեկը կորցրել է ոտքն ու աչքը, մյուսը՝ աչքն ու ձեռքի մատները։
• Փետրվարի 8-ին Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանը, ինչպես նաև ԶՈւ օդադեսանտային ուժերի և ռազմական-տրանսպորտային ավիացիայի առանձին ստորաբաժանումներ բերվել են մարտական պատրաստականության «լրիվ» աստիճանի՝ ՌԴ ԶՈւ հարավարևմտյան ռազմավարական ուղղության մարտունակության հանկարծակի ստուգման նպատակով: Վարժանքին ներգրավվել են նաև ՌԴ ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները։ Վարժանքն ավարտվել է փետրվարի 12-ին, ստորաբաժանումները մեկնել են մշտական տեղակայման վայրեր։
• Փետրվարի 11-ին Սիրիայի քրդական YPG-ն Սիրիայում ռուսաստանյան ավիախմբի օժանդակությամբ գրավել է Թուրքիայի հետ սահմանին ռազմավարական դիրք զբաղեցնող «Մենագ» ավիաբազան, ինչը ևս մեկ նախադրյալ է Հալեպի նահանգի հյուսիսային մասերում ամբողջությամբ հսկողություն սահմանելու համար:
• Փետրվարի 12-ին էլ Սիրիայի հարցով միջազգային բանակցային խումբը, որի կազմում են 20 պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, համաձայնության է եկել Սիրիայում հրադադար հաստատել մեկ շաբաթից, իսկ մարտական գործողությունների շրջանների բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնել անմիջապես: Հրադադարը հաստատելու համար Ռուսաստանը և Իրանը ճնշում են գործադրելու նախագահ Ասադի իշխանության վրա: Նույն նպատակով ճնշում է գործադրվելու նաև Ասադի իշխանության դեմ կռվող զինյալ խմբավորումների վրա: Հրադադարի չի տարածվելու միայն ահաբեկչական խմբավորումների վրա։
![[Ձախից աջ] Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ պատվիրակ Ստեֆան Միսթուրան՝ Սիրիայի հարցով բանակցությունների մամուլի ասուլիսի ժամանակ. 12.02.2016, Մյունխեն](https://razm.info/wp-content/uploads/2016/02/Lavrov-Kerry-Mistura-480x285.jpg)
[Ձախից աջ] Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ պատվիրակ Ստեֆան Միսթուրան՝ Սիրիայի հարցով բանակցությունների մամուլի ասուլիսի ժամանակ. 12.02.2016, Մյունխեն
• Փետրվարի 10-ին ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը կառույցի գլխավոր քարտուղարը նշել է Թուրքիայի պաշտպանական ոլորտի ամրապնդմանն ուղղված քայլերը՝ ավելացնելով, որ կառույցը մեծացրել է իր ռազմական ներկայությունը Միջերկրական և Սև ծովերում։
• Իրանի պաշտպանության նախարարը փետրվարի 10-ին հայտարարել է, որ Իրանը ցանկանում է Ռուսաստանի հետ Սու-30 կործանիչների ձեռքբերման պայմանագիր ստորագրել: Նախարարը նշել է, որ իրենք քննարկելու են նաև կործանիչների արտադրության գործընթացին ներգրավվելու հնարավորությունը:
• Ռուսաստանում փետրվարի 7-ին վնասազերծվել են «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման գրոհայիններ, որոնք ծրագրել էին ահաբեկչական պայթյուններ իրականացնել Մոսկվայում, Պետերբուրգում և Սվերդլովսկի շրջանում:

Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի ձմեռային փուլի դասընթացն ավարտած զինծառայողները։ Փետրվարի 12, 2016թ.
• Փետրվարի 12-ին Վրաստանի Սաչխերեյի լեռնային պատրաստության դպրոցում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի շրջանակներում ավարտվել է ձմեռային վերապատրաստման փուլը, որին մասնակցում էր Վրաստանի, Թուրքիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի, Լատվիայի և Հայաստանի 13 զինծառայող։
• Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը փետրվարի 8-ին հրապարակել է զինված ուժերի թվաքանակի մասին տվյալները, ըստ որոնց՝ ԶՈւ անձնակազմը 633.056 է, ինչը շուրջ 7 հազարով ավելի է հունվարին հրապարակված ցուցանիշից (626․004):
• Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 8-ին հայտնել է հունվարի վերջին և փետրվարի սկզբին Բինգյոլում, Վանում, Հաքքարիում, Թուրքիայի մի շարք այլ շրջաններում, ինչպես նաև Կիպրոսում անցկացված վարժանքների մասին, որոնց հիմնական մասն ուղղված է եղել բնակելի վայրերում մարտական գործողություններ վարելու մեխանիզմների կատարելագործմանը: Փետրվարի 4-5-ին էլ Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը Ստամբուլում հետևել է Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերի հատուկ ստորաբաժանումների «Ստորջրյա հարձակման» և «Ստորջրյա պաշտպանության» վարժանքներին:
• Շաբաթվա ընթացքում Թուրքիայի արևելյան քրդաբնակ նահանգներում ուժայինների և PKK-ի զինված բախումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով․
- Թուրք-քրդական զինված բախումներ. փետրվարի 5-8
- Թուրք-քրդական զինված բախումներ. փետրվարի 8-9
- Թուրք-քրդական զինված բախումներ. փետրվարի 9-10
- Թուրք-քրդական զինված բախումներ. փետրվարի 10-11
- Թուրք-քրդական զինված բախումներ. փետրվարի 11-12
• Թուրքական TAI ընկերության «Անքա Ա» (ANKA Blok-A) անօդաչու թռչող սարքը փետրվարի 5-ին առաջին ուսումնամարտական թռիչքն է կատարել Թուրքիայի Էլյազիգ (Խարբերդ) քաղաքի ռազմական օդանավակայանում և համալրել Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի սպառազինությունը:

Թուրքական ԹԱԻ (TAI) ռազմարդյունաբերական ընկերության արտադրության «Անքա Ա» (ANKA Blok-A) անօդաչու թռչող սարք
• Փետրվարի 9-ին Վրաստանի «Դելտա» պետական ռազմական գիտահետազոտական կենտրոնը տեղեկացրել է, որ Մոլդովայի հետ նախնական համաձայնագիր է կնքել, որով այդ երկրին է մատակարարելու հակակարկտային 200 կայան։
• Փետրվարի 11-ին Էգեյան ծովում՝ Թուրքիային սահմանակից Լերոս կղզու մոտակայքում, զորավաժության ընթացքում անհետացել է Հունաստանի ԶՈւ ռազմածովային ուժերի ուղղաթիռներից մեկը։ Զորավարժության սցենարով՝ թռիչքներն իրականացվում էին ցածր բարձրության վրա, և ամենայն հավանականությամբ, ուղղաթիռը վթարվել է, իսկ անձնակազմի 3 անդամները` զոհվել: