Հունաստանը և Թուրքիան ՆԱՏՕ-ի հետ համաձայնության են հասել Էգեյան ծովում Գերմանիայի հրամանատարությամբ Դաշինքի ՌԾՈւ 2-րդ մշտական խմբի (SNMG2) ուժերով Եվրոպա ներգաղթողների շարժը վերահսկելու հարցում: Որոշումը կայացվել է փետրվարի 10-11-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում:
Փետրվարի 11-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ որոշումն ընդունվել է Գերմանիայի, Հունաստանի և Թուրքիայի համատեղ խնդրանքով: Հիմնական նպատակը Էգեյան ծովով ներգաղթյալների անօրինական անցումները, «մարդկանց առևտուրը» վերահսկելն ու կանխելն է:
Համաձայնությամբ սահմանվել է, որ Թուրքիայի և Հունաստանի զինված ուժերը չպետք է գործողություններ իրականացնեն մեկը մյուսի օդային կամ ջրային տարածքներում: Իսկ ՆԱՏՕ-ն պետք է մեծացնի իր հետախուզական գորոծողություններն Էգեյան ծովի ողջ հատվածում:
Նկատենք, որ անօրինական արտագաղթողների հոսքը վերահսկելու համար մինչ այս Թուրքիայի և Հունաստանի ռազմածովային ուժերը պարբերաբար հատում էին երկու երկրների ջրային սահմանները, ինչը մասնավորապես 2015-ի օգոստոսին կարող էր նույնիսկ լուրջ առճակատման բերել: Այդ ժամանակ երկու կողմերի ռազմածովային ուժերը Քարդաք կղզու հատվածում մոտեցել էին փախստականների նույն նավակին: Կողմերի միջև լարվածություն էր առաջացրել, ինչն աճել էր մինչև փոխադարձ սպառնալիքների:
ՆԱՏՕ-ի այս համաձայնությամբ նախատեսվում է հնարավորինս արագ Էգեյան ծովում բացազատել ՆԱՏՕ-ի ՌԾՈւ 2-րդ մշտական խմբի ռազմանավերը` Գերմանիայի հրամանատարությամբ: Վերջիններս զբաղվելու են հետախուզական տեղեկությունների ձեռքբերմամբ` փորձելով Հունաստանի և Թուրքիայի համապատասխան առափնյա անվտանգության ուժերի, ինչպես նաև Եվրամիության արտաքին սահմանների անվտանգության գործակալության (Frontex) հետ համագործակցությամբ կանխել անօրինական արտագաղթողների հոսքը Էգեյան ծովով:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-4-ին ՆԱՏՕ ՌԾՈւ 2-րդ մշտական խմբի (SNMG2) ստորաբաժանումները Թուրքիայի ռազմածովային ուժերի հետ համատեղ վարժանքներ էին անցկացրել Միջերկրական ծովի արևելյան և Էգեյան ծովի հարավային հատվածում:
Իսկ երեկ` փետրվարի 140-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ կառույցը մեծացրել է իր ռազմական ներկայությունը Միջերկրական և Սև ծովերում, ինչպես նաև որոշել է շարունակել Թուրքիայի օդային սահմանների պաշտպանության համար «Պատրիոտ» ՀՕՊ համակարգերի տեղակայումը:
Հավելենք, որ վերջին տարիներին` կապված Սիրիայում և Իրաքում ընթացքող պատերազմների, ինչպես նաև Եմենի ռազմական գործողությունների հետ, զգալիորեն մեծացել է այդ շրջաններից Եվրոպա արտագաղթողների քանակը: Վերջիններիս շարքերում եվրոպական երկրներ ներթափանցում են նաև ահաբեկչական կառույցների անդամներ:
Ավելացնենք նաև, որ մասնավորապես 2015 թվականին անօրինական ներգաղթյալների տեղափոխող բազմաթիվ նավեր խորտակվել են` պատճառ դառնալով հազարավոր ներգաղթյալների մահվան:
Անդրադառնալով Թուրքիայի և Հունաստանի քայլերին` նշենք, որ այդ երկրները հակասություններ ունեն Էգեյան ծովում օդային և ջրային սահմանների բաժանման հետ, ինչը տանում է վտանգավոր առճակատումների: Դա գրեթե անհնար էր դարձնում ներգաղյալների հոսքը հսկելու հարցում այդ երկրների համագործակցությունը Էգեյան ծովում: