Այսօր՝ փետրվարի 11-ին, ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Հունաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի կնքման մասին՝ ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկին: Այս մասին տեղեկացնում է հայաստանյան «Արմենպրես» լրատվական գործակալությունը:
Կառավարություն ներկայացված համաձայնագրի նախագիծն ունի 10 հոդված, որոնք հստակեցնում են ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի և Հունաստանի համագործակցության ուղղությունները և ձևերը: Մասնավորապես նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է, որ կողմերը կհամագործակցեն հետևյալ ոլորտներում.
- զենքի, զինամթերքի և պայթուցիկների արտադրության նպատակով տեխնոլոգիաների փոխանցում և տեխնիկական աջակցություն,
- կողմերի՝ պաշտպանության ոլորտում լիազորված մարմինների գործառույթների հետ կապված հարցեր և կողմերի՝ ռազմական հետազոտություններ իրականացնող մարմինների միջև երկխոսություն,
- ռազմական հետազոտությունների և գնահատման ոլորտում փորձի փոխանակման հետ կապված համագործակցություն,
- զենքի արտադրության վերաբերյալ տեղեկատվության, փորձի և կարծիքների փոխանակում,
- ռազմական նշանակության արտադրանքի վերաբերյալ, դրա արտադրության համար հետազոտություններ և զարգացում, ինչպես նաև երկու կողմերի աջակցությանն արժանացած Հայաստանի և Հունաստանի համատեղ արդյունաբերությունների ընդլայնման նախաձեռնություններ,
- ռազմական նշանակության արտադրանքի արտադրության համար համատեղ կազմակերպությունների հիմնադրում,
- Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ նշված ոլորտներից բացի այլ ոլորտներ:
Համագործակցության ձևերից նշվում են մասնավորապես համատեղ հետազոտություններն ու փորձարկումները, տեխնիկական անձնակազմերի վերապատրաստումները, այլ երկրների արտադրության սպառազինության և ռազմական տեխնիկայի կատարելագործում, նորոգում և այլն:
Համատեղ գործունեության ընթացքում ձեռքբերված տեղեկատվությունը այլ երկրներին վաճառելը կամ փոխանցելը համաձայնագրով հնարավոր կլինի միայն երկու կողմերի համաձայնությամբ:
Համաձայնագրի իրականացման համար ստեղծվելու է նաև հայ-հունական ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողով՝ Հայաստանի և Հունաստանի հավասար թվով ներկայացուցիչներով, իսկ հանձնաժողովի նիստերը երկու երկրներում կանցկացվեն հերթականությամբ:
Համաձայնագրի կնքման հիմնավորման մեջ ՀՀ պաշտպանության նախարարությունը մասնավորապես նշում է. «Վերջին տարիներին Հայաստանը ՆԱՏՕ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ակտիվ ռազմական համագործակցություն է ծավալում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ, ինչը պայմանավորված է խաղաղության և անվտանգության պահպանման նպատակով տարածաշրջանում ռազմական հավասարակշռության ստեղծմամբ: Այդ տեսանկյունից որոշակի քայլեր են ձեռնարկվում նաև Հունաստանի հետ ռազմատեխնիկական հարաբերությունների զարգացման գործում»:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Հունաստանի ռազմական համագործակցության հարցեր քննարկվել են նաև Հունաստանի պաշտպանության նախարարի՝ Հայաստան այցի ընթացքում՝ 2015թ. դեկտեմբերին: Այցի ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնական ոլորտներում, ինչպիսիք են ռազմական կրթությունը, խաղաղապահ և հատուկ նշանակության ուժերի պատրաստությունը, ռազմական տեխնիկայի պահպանման և շահագործման ուղղությամբ փորձի փոխանակումը և այլն: Ռազմատեխնիկական բնագառավում համագործակցության շրջանակներում Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները առաջարկել են նախաձեռնել իրավապայմանագրային դաշտի արդիականացում:
Pingback: Հայաստանը և Չեխիան կհամագործակցեն ռազմատեխնիկական ոլորտում. նախագիծ | Ռազմ.info
Pingback: Հայաստանը և Սերբիան կկնքեն ռազմական համագործակցության համաձայնագիր | Ռազմ.info
Pingback: Վիգեն Սարգսյանը Հունաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հարցեր | Ռազմ.info