Վրաստանը հակակարկտային կայաններ է վաճառում Մոլդովային

Փետրվարի 9-ին վրաստանյան «Դելտա» պետական ռազմական գիտահետազոտական կենտրոնը տեղեկացրել է, որ Մոլդովայի գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության նախարարության հետ նախնական համաձայնագիր է կնքել, ինչի շրջանակներում «Դելտան»  այդ երկրին է մատակարարելու հակակարկտային 200 կայան։

«Դիդգորի» զրահամեքենայի վրա տեղադրված հակակարկտային կայանը

«Դիդգորի» զրահամեքենայի վրա տեղադրված հակակարկտային կայանը

Հաղորդագրության մեջ նշվում է, որ պայմանագրի կնքումից հետո Մոլդովա կգնա «Դելտայի» մասնագետների հատուկ խումբ, ովքեր տեղում կզբաղվեն հակակարկտային համակարգերի արձակման կայանների և թվային ղեկավարման կենտրոնի տեղակայման աշխատանքներով։  Ամբողջ նախագիծը գնահատվում է 10 մլն ամերիկյան դոլար։

Նշենք, որ հունվարի 28-ին Ռազմինֆոն տեղեկացրել էր, որ «Դելտան» բանակցություններ է վարում Մոլդովայի հետ, ավելի ուշ վրաստանյան լրատվամիջոցներից մեկում հարցազրույցի ժամանակ այդ լուրը վերահստատել էր «Դելտայի» տնօրեն Ուչա Ձոձուաշվիլին։

Նշենք, որ «Դելտան» հակակարկտային կայանների մշակումը սկսել էր 2013 թվականին՝ Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ։ Կայանն օգտագործման է հանձնվել 2015 թ. մայիսի վերջից՝ Կախեթի շրջանում։

Վրաստանն ինքն այդ կայանների համար օգտագործում է Մակեդոնիայից գնված արկեր, իսկ հենց կայանն ամրացված է «Դիդգորի» զրահամեքենայի վրա։

Հիշեցնենք նաև, որ վերջին շրջանում սա «Դելտայի» առաջին  միջազգային վաճառքը չէ։ Հայտնի է, որ Վրաստանը 2015 թվականի դեկտեմբերին կնքել է պայմանագիր (մոտ 40 մլն ամերիկյան դոլար) հարյուրից ավելի բժշկական տարհանման զրահամեքենաներ մատակարարելու մասին պայմանագիր։ Առաջին խմբաքանակը՝ 12 միավոր Didgori- Medevac այդ տարվա հունվարի 30-ին ուղարկվել է Սաուդյան Արաբիա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *