Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 8-ին հայտնել է հունվարի վերջին և փետրվարի սկզբին Բինգյոլում, Վանում, Հաքքարիում, Թուրքիայի մի շարք այլ շրջաններում, ինչպես նաև Կիպրոսում անցկացված վարժանքների մասին: Հիմնական մասը ուղղված է եղել բնակելի վայրերում մարտական գործողություններ վարելու մեխանիզմների կատարելագործմանը: Այս մասին նշվում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքում հրապարակված հաղորդագրությունում:
Փետրվարի 1-ին թուրքական ժանդարմերիայի և ոստիկանության հատուկ գործողությունների հրամանատարության ստորաբաժանումները համատեղ զորավարժություն են անցկացրել Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի 3-րդ բանակի 8-րդ բանակային կորպուսի Բիթլիսում տեղակայված հատուկ նշանության 10-րդ բրիգադի («Կոմանդոսների բրիգադ») 3-րդ գումարտակի` Վան նահանգի Էրչիշ գավառում տեղակայված զորավարժարանի տարածքում:
Վարժանքների ընթացքում փորձարկվել են բնակելի վայրերում «ահաբեկիչների» (Թուրքիայում ահաբեկիչ են համարում նաև PKK-ի զինյալներին) դեմ գործողությունների մեխանիզմները:
Հունվարի 25-29-ին կոմանդոսների 49-րդ բրիգադը (տեղակայման վայրը` Բինգյոլ ) նույնպես անցկացրել է բնակելի վայրերում ահաբեկիչների դեմ գործողությունների փորձարկման զորավարժություն:
Հունվարի 21-ին էլ վարժանքներ են անցկացրել Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի` Իրանի և Իրաքին սահմանակից Շեմդինլի գավառում տեղակայված 34-րդ սահամանապահ բրիգադի ստորաբաժանումները:
Բացի այս, հունվարի վերջին Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները վարժանքներ են անցկացրել նաև Թուրքիայի արևմտյան շրջաններում, ինչպես նաև Կիպրոսի թուրքական հատվածում, այսպես կոչված` «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում»:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը տեղեկություններ էր հրապարակել հունվարին անցկացված նմանատիպ շուրջ տասը զորավարժությունների մասին, որոնք հիմնական մասն անցկացվել էին Հայաստանին սահմանամերձ շրջաններում:
Ավելացնենք, որ 2015-ի հուլիսից Թուրքիայի արևելյան քրդաբնակ շրջաններում շարունակվում են թուրքական ուժայինների և քրդական կազմակերպությունների մարտերը, որոնք երկուստեք բազմաթիվ զոհերի պատճառ են դարձել, այդ թվում՝ նաև խաղաղ բնակչության շրջանում:
Թուրքիայի արևելքում 2015-ի հուլիսին սկսած զինված բախումների ընթացքին կարող եք ծանոթանալ այս հղումով:
Pingback: Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետն այցելել է Ստամբուլի ստորաբաժանումներ, հետևել վարժանքներին | Ռազմ.info