Թուրք-քրդական զինված բախումներ Թուրքիայի արևելքում. փետրվարի 5-8

Քրդական ANF News լրատվական գործակալությունը փետրվարի 6-ին հայտնել է, որ PKK-ի YPS կառույցի մարտիկիները փետրվարի 4-6-ին Դիարբեքիրի Սուր գավառում սպանել են առնավազն 7, իսկ Շրնաքում` 15 թուրքական ուժայինների:

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր գավառը թուրքա-քրդական բախումների արդյունքում. 24.01.2016 թ.

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր գավառը թուրքա-քրդական բախումների արդյունքում. 24.01.2016 թ.

Փետրվարի 6-ին քրդական նույն աղբյուրը նաև հայտնել է, որ թուրքական ուժայինների գործողությունների հետևանքով փետրվարի սկզբից Ջիզրե քաղաքի Ջուդի թաղամասում սպանվել է առնվազն 17 խաղաղ բնակիչ, բազմաթիվ վիրավոր բնակիչներից տեղեկություն չկա: Աղբյուրը նաև նշում է, որ թուրքական ուժայիները շարունակում են փետրվարի 3-ին Շեմդինլիի մի շարք վայրերում սկսած ռազմական գործողությունները:

Փետրվարի 6-ին քրդական գործակալությունը նաև հայտնել էր, որ Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները շարունակում են պարբերաբար հրետակոծել Սիրիայի հյուսիսային շրջանների մի մասը վերահսկող քրդական YPG-ի դիրքերը: Փետրվարի 6-ին թուրքական զինուժը մասնավորապես հրետակոծել է Սիրիայի Թել-Աբյադ քաղաքում տեղակայված քրդական զինուժի դիրքերը:

Թուրքական աղբյուրների արձագանքը

Փետրվարի 8-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնել է, որ 2015-ի դեկտեմբերից մինչ 2016-ի փետրվարի 7-ը Դիարբեքիրի Սուր գավառում թուրքական ուժայինները սպանել են PKK-ի 175 զինյալ, իսկ Ջիզրեում` 574 զինյալ:

Փետրվարի 8-ին «Միլլիյեթ» պարբերականի կայքը հայտնում է, Սուր և Ջիզրե գավառներում PKK-ի դեմ գործողություններում վիրավորվել է 5 հատուկջոկատային: Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին, Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարել էր, որ մոտ օրերս Ջիզրեում կդադարեն բախումները, իսկ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում էլ Սուր գավառում կդադարեն մարտերը և PKK-ի գրոհայինները պարտություն կկրեն:

Փետրվարի 5-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնել է, որ նույն օրը Դիարբեքիրի Սուր գավառում PKK-ի դեմ գործողություններում սպանվել են 2 հատուկջոկատայիններ, ևս մեկը` վիրավորվել: PKK-ն տվել է 3 սպանված:

Փետրվարի 6-ին թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը հայտնել է Սուր գավառում PKK-ի դեմ գործողություններում վիրավորված 4 հատուկջոկատայինների մասին: Նույն օրը թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը հայտնել է Շրնաքում PKK-ի դեմ մարտերում վիրավորված 1 հատուկջոկատայինի մասին:

«Հյուրիեթ» պարբերականի կայքը փետրվարի 5-ին և 6-ին հայտնել է, որ նախ Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի շուրջ 40, ապա` 24 ռմբակոծիչներ փետրվարի 3-ին և 4-ին ռմբակոծել են Իրաքում PKK-ի բազաները: Գործողությանը ներգրավվել են F-16, F-4 կործանիչներ, ինչպես նաև ԱԹՍ-ներ, օդային վերահսկման և վաղ նախազգուշացման AWACS ինքնաթիռներ:

Նշվում է, որ թուրքական ավիացիան ռմբակոծել է նաև Թուրքիայի տարածքում PKK-ի դիրքերը: Փետրվարի 6-ին հրապարակվել է նաև տեսանյութ, որի նկարագրությունում նշվում է, որ ներկայացված են Իրաքի տարածքում թուրքական օդուժի գործողությունները:

Փետրվարի 6-ին Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը մեղադրել է թուրքական կառավարությանը և զինվորականներին` երկրի արևելյան քրդաբնակ վայրերում բնակչության դեմ ռազմական գործողություններ վարելու համար և նշել, որ հենց այդ պահին Ջիզրեում մեկ 16-ամյա քուրդ երիտասարդի դին դեռևս մնում է փողոցում, իսկ նրան սպանած թուրքական ուժայինները թույլ չեն տալիս հուղարկավորել:

Թուրքիայի արևելքում 2015-ի հուլիսին սկսած զինված բախումների ընթացքին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *