Հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող • Ռազմինֆոն ամփոփել է հայկական զինուժի՝ հունվարի կորուստները • Հայաստան է այցելել Վրաստանի պաշտպանության նախարարը • Սեյրան Օհանյանն ընդունել է իրանական պատվիրակությանը • Ստորագրվել է ՀՀ ՊՆ և ԿԽՄԿ համագործակցության ծրագիրը • ԵԱՀԿ ներկայացուցիչները դիտարկում են անցկացրել Արցախում • ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազան քիմիական հետախուզության մեքենաներ է ստացել
• Փետրվարի 5-ին ՊԲ հարավային դիրքերից մեկում հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող Սիմոն Ճավռշյանը: Սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:
• Ռազմինֆոյի ամփոփ տվյալներով՝ 2016-ի հունվարի 1-31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է զինծառայողի մահվան մեկ դեպքի մասին․ հունվարի 9-ին ՊԲ արևելյան դիրքերից մեկում հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող Արամայիս Ոսկանյանը:
• Փետրվարի 1-ին եռօրյա այցով Հայաստան է եկել Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին, ում ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Հանդիպումից հետո ստորագրվել է Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2016թ. պաշտպանական համագործակցության պլանը: Այցի ընթացքում Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է նաև ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին։
• Փետրվարի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Իրանի ՊՆ «ԷԹՔԱ» կազմակերպության պատվիրակությանը: Քննարկվել են սննդի և տեքստիլ արդյունաբերության, կառուցապատման և այլ ոլորտներում մասնագիտացած իրանական ընկերության և ՀՀ ՊՆ միջև համագործակցության հնարավորությունները:
• Փետրվարի 5-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին, ում հետ ստորագրել է ՀՀ ՊՆ և ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության միջև «Միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում 2016թ. համագործակցության ծրագիրը»:
• Փետրվարի 3-ին Արցախի ղեկավարությունն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Քննարկվել են շփման գծում տիրող իրավիճակը և առաջնագծում ԵԱՀԿ դիտարկումները։ Հաջորդ օրը՝ փետրվարի 4-ին, ԵԱՀԿ ներկայացուցիչները շփման գծի դիտարկում են անցկացրել Արցախի Կուրոպատկինո բնակավայրի ուղղությամբ: Դիտարկումն անցել է առանց միջադեպերի, դիտորդները կրակոցներ չեն արձանագրել:
• Շաբաթվա ընթացքում հայտնի է դարձել, որ ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի` Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան ստացել է 4 միավոր ՌԽՄ-6 քիմիական հետախուզության զրահամեքենաներ: