Թուրք-քրդական զինված բախումներ Թուրքիայի արևելքում. փետրվարի 4-5

Քրդական ANF News լրատվական գործակալությունը փոխանցում է, որ PKK-ի YPS կառույցի մարտիկիները փետրվարի 3-4-ի թուրք-քրդական բախումներում սպանել են 9 թուրքական ուժային: Նույն կառույցը օրերս հայտնել էր, որ 2016-ի հունվարին իրենք ընդհանուր առմամբ սպանել են 98 թուրքական ուժայինների:

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր գավառում. Հունվարի 31, 2016 թ.

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր գավառում. Հունվարի 31, 2016 թ.

Նույն աղբյուրը փետրվարի 4-ին փոխանցում է, որ Դիարբեքիրի Սուր և Շրնաքի Ջիզրե գավառներում շարունակվում են բախումները, թուրքական ուժայինները հրետանային կրակի տակ են պահում բնակավայարերը:

Քրդական գործակալությունը նաև հայտնում է, որ թուրքական օդուժը շարունակում է ռմբակոծել Իրաքի տարածքում քրդական բնակավայրերը: Ինչպես նաև նշում է, որ թուրքական ուժայինները ռազմական գործողություններ են սկսել նաև Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը հայտնել է փետրվարի 4-ին Սուր գավառում սպանված 1 հատուկջոկատայինի մասին: Իսկ երեկ հայտնի էր դարձել Շրնաք նահանգի Ջիզրե քաղաքում սպանված ևս մեկ հատուկջոկատայինի մասին:

Այսօր` փետրվարի 5-ին, Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը հայտնել է, որ 2015-ի դեկտեմբերից մինչև 2016-ի փետրվարի 4-ը Ջիզրե գավառում սպանվել է PKK-ի 540, իսկ Սուր գավառում` 161 զինյալ:

Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունն իր հերթին փետրվարի 5-ին հայտնում է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը F-16 և F-4E 2020 կործանիչներով ռմբակոծել են Իրաքի տարածքում PKK-ի Քանդիլ բազան:

Ավելացնենք, որ այսօր` փետրվարի 5-ին, Թուրքիայի հարավարևելյան քրդաբնակ Մարդին քաղաք այցի ընթացքում  Թուրքիայի վարչապետը 10 կետից բաղկացած նոր ծրագրում անդրադարձել է քրդական PKK-ի դեմ պայքարի նոր մեխանիզմներին:

Սակայն այդ տասը կետերի մեծ մասը պարունակում են միայն հուզական և գրեթե ոչինչ չասող արտահայտություններ Թուրքիայում խաղաղություն հիմնելու և ահաբեկչական կառույցների դեմ պայքարի մասին ցանկությունների վերաբերյալ:

Թերևս ուշադրություն է գրավում այն հանգամանքը, որ Դավութօղլուն ահաբեկչության դեմ պայքարը կապում է նոր սահմանադրության ընդունման հետ` 1982-ին ընդունված սահմանադրությունը համարելով ահաբեկչության դեմ պայքարում մեխանիզմներից զուրկ:

Թուրքակն հատուկջոկատայինները Շրնաքի Ջիզրե գավառում. փետրվար 2016 թ.

Թուրքակն հատուկջոկատայինները Շրնաքի Ջիզրե գավառում. փետրվար 2016 թ.

Ըստ էության՝ Դավութօղլուն այս հանգամանքը փորձում է օգտագործել բազմաթիվ հակասությունների տեղիք տված նոր` նախագահական իշխանությունն ընդգծող սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը հիմնավորելու համար:

Ավելացնենք նաև, որ օրերս Դավութօղլուն հայտարարել էր PKK-ի առաջնորդ և 1999-ից Իմրալը կղզում բանտարկված Աբդուլլահ Օջալանի հետ բանակցությունները դադարեցնելու մասին` նշելով, որ դա օգուտ չի տալիս PKK-ի դեմ պայքարին: Մինչ այս թուրքական կառավարությունը փորձում էր Օջալանին օգտագործել PKK-ի դեմ պայքարում որպես գործիք:

Թուրքիայի արևելքում 2015-ի հուլիսին սկսած զինված բախումների ընթացքին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *