ԵԱՀԿ ներկայացուցիչները դիտարկել են Արցախի Կուրոպատկինո բնակավայրի ուղղությունը

Այսօր՝ փետրվարի 4-ին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի հերթական պլանային դիտարկումն է անցկացրել Արցախում՝ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հարավարևելյան ուղղությամբ: Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ կայքը:

Դիտարկումն անցել է առանց միջադեպերի, դիտորդները կրակոցներ չեն արձանագրել:

Հայկական կողմից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպրշիկը և նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովն ու Խրիստո Խրիստովը, ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ, փոխգնդապետ Ալեքսանդր Նեպոկրիտիխը: Դիտորդներին ուղեկցել են Արցախի ԱԳՆ և ՊԲ ներկայացուցիչները:

Շփման գծի հակառակ կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Փիթեր Սվեդբերգը, Իրժի Աբերլեն, Սայմոն Թիլլերը և բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ, գնդապետ  Թունջայ Սևիմը:

Հիշեցնենք, որ դիտարկմանը մասնակցող Անջեյ Կասպրշիկը Արցախ է ժամանել երեկ՝ փետրվարի 3-ին, և այնտեղ հանդիպել է Արցախի ղեկավարությանը:

Նշենք, որ սա հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի՝ 2016-ին անցկացվող երրորդ դիտարկումն է եղել: Հունվարին անցկացված նախորդ երկու դիտարկումները Արցախում և Տավուշում անցել են առանց միջադեպերի, կրակոցներ չեն արձանագրվել: Ռազմինֆոն 2016-ին անցկացված բոլոր դիտարկումները ներկայացրել է ինտերակտիվ ժամանակագրությամբ:

Իսկ 2015թ․ ընթացքում ԵԱՀԿ ներկայացուցիչները հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի դիտարկում են անցկացրել 21 անգամ, որից 17-ը՝ Արցախում, 3-ը՝ Տավուշում, ևս մեկը՝ Գեղարքունիքում։

Դիտարկումների ժամանակ կրակոցներ արձանագրվել են երկու անգամ, ևս 5 անգամ Ադրբեջանը դիտորդներին դուրս չի բերել առաջնագիծ։ Մյուս դեպքերում դիտարկումներն անցել են նախատեսված ժամանակացույցով, կրակոցներ չեն արձանագրվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *