Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ մոտ օրերս Ջիզրեում կդադարեն բախումները: Սակայն դեռևս Թուրքիայի արևելյան քրդաբնակ նահանգներում շարունակվում են ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինված բախումները: Բախումներում երկու կողմերն էլ շարունակում են զոհեր կրել, երկու կողմերն էլ մեկը մյուսին մեղադրում են խաղաղ բնակիչների սպանության համար:
Այսպես, թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ` փետրվարի 2-ի հարցազրույցում Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարել է, որ երկրի հարավարևելյան Շրնաք նահանգի Ջիզրե գավառում PKK-ի դեմ գործողությունները մոտ օրերս կավարտվեն, իսկ Դիրաբեքիր նահանգի Սուր գավառում` առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:
Այդ ընթացքում թուրքական «Դյունյա Բյուլթենի» լրատվակայքը հայտնում է, որ Ջիզրեի Ջուդի թաղամասի տներից մեկում շարունակում են անօգնական մնալ հունվարի 24-ից հրազենային վիրավորում ստացած տասնյակ բնակիչներին, որոնցից 7-ն արդեն զոհվել է: Թուրքական աղբյուրը հայտնում է, որ մեղավորը քրդական PKK-ի գրոհայիններն են: Վերջիններիս վտանգի պատճառով թուրքական ուժայինները շտապ օգնության մեքենային թույլ չեն տալիս մոտենալ տանը:
Հավելենք, որ թուրքական աղբյուրները երեկ հայտնել էին, որ Սուր գավառում սպանվել է 5 թուրքական ուժային: Այսօր թուրքական կողմի կորուստների մասին տվյալներ թուրքական աղբյուրները չեն հայտնել, փոխարենը` նման լուրեր տարածում են քրդական աղբյուրները:
Քրդական աղբյուրների արձագանքը
Ջիզրեի Ջուդի թաղամասում հունվարի 23-24-ից հրազենային վիավորումով մնացած 20-ից ավել մարդկանց դրության վերաբերյալ այլ տեսակետ է հայտնում քրդական ANF News լրատվական գործակալությունը` նշելով, որ թուրքական ուժայինները հրետանային կրակի տակ են պահում Ջիզրեն և թույլ չեն տալիս վիրավոր խաղաղ բնակիչներին հիվանդանոց տեղափոխել:
Աղբյուրը նշում է, որ թուրքական ուժայինները միակողմանիորեն կրակի տակ են պահում տվյալ թաղամասի տարածքը, և քրդական ուժերը որևէ կերպ չեն խոչընդոտում վիրավորների տեղափոխմանը:
Քրդական գործակալությունը փոխանցել է նաև 2015-ի դեկտեմբերին կազմավորված YPS-ի` քրդական PKK-ի «Քաղաքացիականների պաշտպանության ստորաբաժանումների» հաղորդագրությունը թուրքական կողմի զոհերի վերաբերյալ:
Մասնավորապես նշվում է, որ միայն փետրվարի 1-2-ին Սուր գավառում YPS-ի զինյալները սպանել են շուրջ 15 ուժայինների:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արևելյան քրդաբնակ գավառներում 2015-ի դեկտեմբերից վերսկսվել են հուլիս ամսից ընթացող բախումները «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և թուրքական ուժայինների միջև:
Այս բախումներում Թուրքիան նախ ներգրավեց ոստիկանության հատուկջոկատայիններին, այնուհետև՝ ժանդարմերիայի, իսկ 2016-ի հունվարի 19-ից ներգրավվեցին նաև անմիջապես ԶՈւ գլխավոր շտաբի ենթակայության տակ գտնվող հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության հատուկջոկատայինները։
Զինված բախումներ են ոչ միայն Սուր և Ջիզրե գավառներում: Գրեթե նմանատիպ իրավիճակ է նաև Շրնաքի Սիլոփի գավառում, Մարդին, Հաքքարի նահանգներում, ինչպես նաև Թուրքիայի քրդաբնակ արևելյան այլ գավառներում: Սակայն քրդական ուժերը առավելագույն դիմադրություն ցուցաբերում են Դիարբեքիր և Շրնաք նահանգներում, մասնավորապես` Սուր և Ջիզրե գավառներում:
Թուրքիայի արևելքում 2015-ի հուլիսին սկսած զինված բախումների ընթացքին կարող եք ծանոթանալ այս հղումով:
Pingback: Թուրք-քրդական զինված բախումներ Թուրքիայի արևելքում. փետրվարի 3 | Ռազմ.info
Pingback: Թուրք-քրդական զինված բախումներ Թուրքիայի արևելքում. փետրվարի 5-8 | Ռազմ.info