Թուրքիայի արևելյան քրդաբնակ նահանգներում շարունակվում են ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինված բախումները: Հունվարի 29-ից փետրվարի 1-ը միայն Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը հայտնել է սպանված 10 ԶՈւ զինծառայողների մասին:
Լրացում. Փետրվարի 1-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը հայտնել է Սուր գավառում սպանված ևս 2 ԶՈւ հատուկջոկատայինների մաին (Ընդհանուր առմամբ փետրվարի 1-ին ԶՈւ ԳՇ տվյալներով Սուր գավառում սպավել է 5 ուժային, իսկ հունվարի 29-ից` 12 ուժային):
Բացի ԶՈւ ԳՇ տրամադրած տվյալներից ուժայինների զոհերի մասին հայտնել են նաև թուրքական մի շարք լրատվամիջոցներ: Այդ, ինչպես նաև թուրքական ուժայինների կողմից սպանված քրդերի մասին տեղեկությունները ներկայացնում ենք ստորև:
Թուրքական ուժայինների կորուստներ (թուրքական աղբյուրներ)
Այսպես, հունվարի 29-ին թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության գործողությունների ստորաբաժանման 2 զինծառայողներ են սպանվել Շրնաք նահանգի Ջիզրե և Դիարբեքիր նահանգի` Սուր գավառներում («Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնել էր հունվարի 29-ին միայն Սուր գավառում սպանված 2 ուժայինների մասին:):
Հունվարի 30-ին մահացել է հունվարի 21-ին Սուր գավառում հրազենային վնասվածք ստացած 1 հատուկջոկատային: Հունվարի 30-ին նույն գավառում սպանվել են 1 հատուկջոկատային և 1 «գյուղական պահապան»:
Հունվարի 31-ին Ջիզրում սպանվել են 1 ԶՈւ, ինչպես նաև ևս 1 ոստիկանության հատուկջոկատայիններ (թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը հունվարի 31-ին հայտնել է, որ նույն օրը Ջիզրեում սպանվել են ԶՈւ 1 և ոստիկանության` 2 հատուկջոկատայիններ):
Փետրվարի 1-ին Սուր գավառում հրազենային վնասվածք են ստացել ԶՈւ 3, ինչպես նաև ոստիկանության 2 հատուկջոկատայիններ: 2-ը մահացել են, ինչից հետո թուրքական ուժայինները նոր գործողություններ են սկսել Սուր գավառում, որի հետևանքով սպանվել է ԶՈւ ևս 1 հատուկջոկատային:
Փետրվարի 1-ին «Անադոլուն» հայտնել է Սուր գավառում սպանված ԶՈւ 2 և ոստիկանության` ևս 2 հատուկջոկատայինների մասին (ընդհանուր 4 սպանված և 4 վիրավոր. ԶՈւ ԳՇ-ն հայտնել է 3 սպանված և 3 վիրավորի մասին):
Այսպիսով, հունվարի 29-ից փետրվարի 1-ը թուրքական պաշտոնական աղբյուրները հայտնել են երկրի արևելքում քրդերի դեմ բախումներում սպանված առնվազն 13, ինչպես նաև վիրավորված շուրջ 20 ուժայինների մասին:
Թուրքական ուժայինների կորուստներ (քրդական աղբյուրներ)
Քրդական ANF News լրատվական գործակալությունը հունվարի 28-ին հայտնել էր, որ 2015-ի դեկտեմբերին կազմավորված YPS-ն` Քրդական PKK-ի «Քաղաքացիականների պաշտպանության ստորաբաժանումներ», հունվարի 27-28-ին սպանել է 17 թուրքական ուժային (թուրքական աղբյուրները նույն ժամանակահատվածում հայտնել էին 6 զոհի մասին): Հիշեցնենք, որ այդ կառույցը 2015-ի հունվարի վերջին հայտնել էր Թուրքիայի քրդաբնակ վայրերում ուժայինների դեմ գործողությունները համակարգելու մասին:
PKK-ի կորուստներ (Թուրքիայի ԶՈւ ԳՇ տվյալներ)
Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը փետրվարի 1-ին հայտնել է, որ 2015-ի դեկտեմբերից մինչ 2016-ի հունվարի 31-ը Ջիզրեում սպանվել է PKK-ի 505, իսկ Սուր գավառում` 145 զինյալ: Սակայն, Թուրքիայի ԶՈւ ԳՇ տրամադրած տվյալները երբեմն չեն համապատասխանել հենց թուրքական այլ աղբյուրների տրամադրած տվյալներին` ներկայացնելով ավելի մեծ թվեր, իսկ այժմ անհամապատասխանություն կա նաև հենց ԶՈւ ԳՇ տրամադրած 2 տարբեր տվյալներում: Հունվարի 31-ին ԶՈւ ԳՇ-ն հայտնել էր, որ հունվարի 30-ի դրությամբ Սուր գավառում սպանվել է 149 PKK-ի զինյալ, իսկ հունվարի 31-ի դրությամբ` 145:
Քրդերի դրությունը (քրդական աղբյուրներ)
Ի տարբերություն թուրքական աղբյուրների, որոնք հայտնում են PKK-ի զինյալների սպանության մասին, քրդական աղբյուրները շարունակում են նշել, որ թուրքական ուժայինները սպանում են նաև զինված պայքարի հետ կապ չունեցող խաղաղ բնակիչներին:
Քրդական ANF News գործակալությունը հայտնում է, որ Շրնաք նահանգի Ջիզրե գավառում արդեն 7-րդ օրն է` ինչ թուրքական ուժայինները չեն թույլատրում հիվանդանոց տեղափոխել Ջուդի թաղամասի տներից մեկում ապաստան գտած վիրավորներին, որոնց մի մասն արդեն մահացել է, իսկ 19-ը դեռ կարող են փրկվել: Չնայած դրան` թուրքական ուժայինները դեռ շարունակում են ռմբակոծել, հրետակոծել և արկակոծել բնակավայրերը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արևելյան քրդաբնակ գավառներում 2015-ի դեկտեմբերից վերսկսվել են հուլիս ամսից ընթացող բախումները «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և թուրքական ուժայինների միջև:
Այս բախումներում Թուրքիան նախ ներգրավեց ոստիկանության հատուկջոկատայիններին, այնուհետև՝ ժանդարմերիայի, իսկ 2016-ի հունվարի 19-ից ներգրավվեցին նաև անմիջապես ԶՈւ գլխավոր շտաբի ենթակայության տակ գտնվող հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության հատուկջոկատայինները։
Զինված բախումներ են ոչ միայն Սուր և Ջիզրե գավառներում: Գրեթե նմանատիպ իրավիճակ է նաև Շրնաքի Սիլոփի գավառում, Մարդին, Հաքքարի նահանգներում, ինչպես նաև Թուրքիայի քրդաբնակ արևելյան այլ գավառներում: Սակայն քրդական ուժերը առավելագույն դիմադրություն ցուցաբերում են Դիարբեքիր և Շրնաք նահանգներում, մասնավորապես` Սուր և Ջիզրե գավառներում:
Թուրքիայի արևելքում 2015-ի հուլիսին սկսած զինված բախումների ընթացքին կարող եք ծանոթանալ այս հղումով:
Pingback: Թուրք-քրդական զինված բախումներ Թուրքիայի արևելքում. 1– 2 փետրվար | Ռազմ.info