[Լրացված] Ռուսաստանը Սու-35Ս կործանիչներ տեղակայել Սիրիայում. «Կոմերսանտ»

ՌԴ ԶՈւ օդատիեզերական ուժերը Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայի իրենց ավիախումբը համալրել են 4 միավոր Սու-35Ս կործանիչներով, որոնք ռուսաստանյան օդուժի սպառազինությանն էին հանձնվել ընդամենը 2015-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Այս մասին փետրվարի 1-ին հայտնում է ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականի կայքը` փոխանցելով ՌԴ ՊՆ-ում սեփական աղբյուրներից ստացված տեղեկությունը:

Սու-35Ս բազմանպատակային կործանիչ

Սու-35Ս բազմանպատակային կործանիչ

Սու-35 կործանիչները ՌԴ օդատիեզերական ուժերին սկսել են մատակարարվել 2014-ի վերջից, սակայն նշված 4 բազմանպատակային կործանիչները համալրվել էին ռադիոէլեկտրոնային պայքարի նոր սարքավորումներով և մատակարարվել 2015-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:

Նոր ինքնաթիռներով ավիաբազայի համալրման հիմնական նպատակներից մեկը նոր սարքավորումներով սպառազինված կործանիչները փորձարկելն է:

Լրացում. Նշված տեղեկությունը փետրվարի 1-ին հաստատել է ՌԴ ՊՆ-ն` նշելով, որ կործանիչները Սիրիայի ռուսաստանյան ավիախմբի «Հմեյմիմ» ավիաբազայում տեղակայվել են անցյալ շաբաթ:

Նշենք, որ ընդամենը երկու օր առաջ` հունվարի 30-ին, Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ հունվարի 29-ին Սիրիայի կողմից Թուրքիայի օդային սահմանը հատել է ռուսաստանյան օդատիեզերական ուժերին Սու-34 ճակատային ռմբակոծիչներից մեկը: Սակայն ՌԴ ՊՆ-ն շտապեց հերքել այդ փաստը: Այս իրադարձությունից հետո Թուրքիայի ռազմաօդային ուժերում հայտարարվեց մարտական տագնապի բարձրագույն` «նարնջագույն» աստիճան:

Տեղեկացնենք, որ Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայում մինչև 2015-ի նոյեմբերին Թուրքիայի կողմից ռուսաստանյան ռմբակոծիչի խոցումը տեղակայված էին ռուսաստանյան օդատիեզերական ուժերի Սու-25ՍՄ գրոհիչներ (12 միավոր), Սու-24Մ և Սու-34 ռմբակոծիչներ (12-ական միավոր), Սու-27ՍՄ և Սու-30ՍՄ կործանիչներ (4-ական միավոր), Մի-24 հարվածային ուղղաթիռներ (12 միավոր), ինչպես նաև Մի-8 ուղղաթիռներ (մինչև Թուրքիայի կողմից խոցված Սու-24Մ-ի անձնակազմի տարհանման փորձը բազայում եղել է 4 միավոր, սակայն դրանցից մեկը խոցվել էր տարհանման գործողության ժամանակ):

Սու-30ՍՄ կործանիչը համալրված ՕՖԱԲ-250 ավիառումբով. «Հմեյմիմ» ավիաբազա

Սու-30ՍՄ կործանիչը` համալրված ՕՖԱԲ-250 ավիառումբով. «Հմեյմիմ» ավիաբազա

Նշված միջադեպերից հետո նույն «Կոմերսանտը» հայտնել էր, որ Ռուսաստանը քննարկում է Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայում հավելյալ 10-12 ինքնաթիռ տեղակայելու հարցը:

2015-ի դեկտեմբերին Սիրիայում ՌԴ զինուժեի գործողություններն ամփոփելիս նշվում էր, որ Սիրիայում ՌԴ ԶՈւ օդուժի 4201 մարտական թռիչքներից 145-ն իրականացվել է ռազմավարական (հեռահար) հրթիռակիր և ռմբակոծիչ ինքնաթիռներով (հեռահար ավիացիայի Տու-160, Տու-95ՄՍ ռազմավարական ռմբակոծիչները և Տու-22Մ3 «հեռավոր» ռմբակոծիչները):

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի կառավարության միջնորդությամբ կետային ավիահարվածներ է հասցնում այդ երկրում «Իսլամական պետություն», ինչպես նաև մի շարք այլ ահաբեկչական խմբավորումների դիրքերին: Գործողություններին ներգրավված են ՌԴ ԶՈւ հեռահար, օպերատիվ-մարտավարական ավիացիան, ռազմանավեր և սուզանավեր (վերջինները՝ նաև Կասպից ծովից):

Հոկտեմբերի 7-ից ՌԴ ԶՈւ-ն սկսել էր Կասպյան նավատորմիղի նավերից թևավոր հրթիռներ արձակել Սիրիայում ԻՊ դիրքերին, որոնք մինչև նշանակետին հասնելը անցնում են Իրանի և Իրաքի օդային սահմաններով՝ հատելով 1500 կմ հեռավորություն։ Մանրամասները կարող եք կարդալ Ռազմինֆոյի համապատասխան հոդվածում։

Սիրիայում տեղակայված ռուսաստանյան ավիաբազայի ՍՈւ-25 գրոհիչները՝ մարտական առաջադրանքով թռիչք կատարելիս

Սիրիայում տեղակայված ռուսաստանյան ավիաբազայի ՍՈւ-25 գրոհիչները՝ մարտական առաջադրանքով թռիչք կատարելիս

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *