ԵԱՀԿ դիտարկում Տավուշում

Հունվարի 26-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները հայ-ադրբեջանական սահմանի հերթական դիտարկումն են անցկացրել ՀՀ Տավուշի մարզի Մովսես և Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղերի հատվածում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի հունվարի 30-ի թողարկումը:

ԵԱՀԿ ներկայացուցիչների դիտարկում հայ-ադրբեջանական սահմանում

ԵԱՀԿ ներկայացուցիչների դիտարկում հայ-ադրբեջանական սահմանում

Նախքան դիտարկումը Տավուշի մարզպետարանում մարզպետարանի ներկայացուցիչները ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացրել են սահմանամերձ գյուղերի վիճակը, մասնավորապես իրենց մտահոգությունն են հայտնել այն առնչությամբ, որ ադրբեջանական կողմը մշտապես կրակի տակ է պահում սահմանամերձ բնակավայրերը, թեև հունվարին կրակոցները համեմատաբար նվազել են։

Այնուհետև ԵԱՀԿ պաշտոնյաներին են ներկայացվել ադրբեջանական զինուժի կրակոցների վիճակագրությունը, խոշոր տրամաչափի զինատեսակներով կրակի կիրառման, շփման գծում դիպուկահարների գործողություններին վերաբերող հարցեր։ ԵԱՀԿ պաշտոնյաներին տեղեկացրել են նաև հունվարի 26-ի գիշերը շփման գծի Արցախյան հատվածում հակառակորդի դիվերսիոն երկու փորձերի մասին։

Ինչ վերաբերում է դիտարկմանը, ապա այն անցկացվել է տեսողական շփման միջոցով, քանի որ Ադրբեջանը կտրուկ հրաժարվել է սահմանը հատելու, հրամանատարների երկկողմ փոխշփում անցկացնելու, ինչպես նաև ռադիոկապի առաջարկից։ Հայ-ադրբեջանական շփման գծում կայացած դիտարկման ընթացքում կրակոցներ չեն արձանագրվել:

Մովսես գյուղի ուղղությամբ հայկական կողմից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն, Խրիստո Խրիստովը և Սայմոն Թայլերը։

Դիտարկումից անմիջապես հետո ԵԱՀԿ պաշտոնյաների մասնակցությամբ հանդիպում է անցկացվել Մովսես գյուղի գյուղապետարանում, որից հետո ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներին գյուղապետը Արարատ Ավալյանը ծանոթացրել է համայնքի գնդակոծության հետևանքներին։

Նշենք, որ սա այս տարվա ԵԱՀԿ երկրորդ դիտարկումն է: Նախորդ դիտարկումն անցկացվել է 2016թ․ հունվարի 14-ին Արցախի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ։ Այն ժամանակ նույնպես կրակոցներ չեն արձանագրվել:

Իսկ 2015թ․ ընթացքում ԵԱՀԿ ներկայացուցիչները հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի դիտարկում են անցկացրել 21 անգամ, որից 17-ը՝ Արցախում, 3-ը՝ Տավուշում, ևս մեկը՝ Գեղարքունիքում։ Դիտարկումների ժամանակ կրակոցներ արձանագրվել են երկու անգամ, ևս 5 անգամ Ադրբեջանը դիտորդներին դուրս չի բերել առաջնագիծ։ Մյուս դեպքերում դիտարկումներն անցել են նախատեսված ժամանակացույցով, կրակոցներ չեն արձանագրվել։

Ռազմինֆոյի հավաքած ինտերակտիվ ժամանակագրության մեջ ներկայացված են Հայաստան-Ադրբեջան սահմանում ԵԱՀԿ դիտորդների բոլոր դիտարկումները՝ սկսած 2014-ի դեկտեմբերից:

One response to “ԵԱՀԿ դիտարկում Տավուշում

  1. Pingback: Արցախի ղեկավարությունն ընդունել է Կասպրշիկին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *