2016-ին ՌԴ ԶՈւ ՀՌՇ-ն կհամալրվի ավելի քան 55 միավոր ավիատեխնիկայով

ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանը (ՀՌՇ), որի կազմի մեջ է մտնում նաև Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան, 2016-ին կհամալրվի 55 միավոր նոր ավիատեխնիկայով, այդ թվում` 20 միավոր Սու-30ՍՄ բազմանպատակային կործանիչներով և 5 միավոր Սու-25ՍՄ գրոհիչներով: Այս մասին այսօր` հունվարի 28-ին, հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Սու-30ՍՄ կործանիչ. ՌԴ ԶՈւ

Սու-30ՍՄ կործանիչ. ՌԴ ԶՈւ

Նշված կործանիչներից և գրոհիչներից բացի, ՀՌՇ-ի ստորաբաժանումների ավիապարկը նախատեսվում է համալրել նաև 30 ուղղաթիռներով, այդ թվում` Կա-52 հարվածային, Մի-28ՈւԲ ուսումնամարտական, ինչպես նաև Մի-26Տ, Մի-8ԱՄՏՇ, Մի-8ՄՏԲ5 և Մի-8ՄՏՊԲ բազմանպատակային բեռնատար ուղղաթիռներով:

Նշվում է, որ անցյալ տարի` 2015-ին, ՀՌՇ-ի ստորաբաժանումները համալրվել են ավելի քան 60 միավոր ավիատեխնիկայով:

Հավելենք, որ ներկայացված հոդվածում ՀՌՇ-ն ՄիԳ-29 կործանիչներով համալրելու մասին չի խոսվում, սակայն առավել վաղ ՌԴ ՊՆ կայքը հայտնել էր, որ Հայաստանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան 2016-ին համալրվելու է վերանորոգված ՄիԳ-29 կործանիչներով (քանակը չի նշվում) և մեկ Մի-8 բեռնատար ուղղաթիռով։

Հիշեցնենք, որ 2015-ի դեկտեմբերին ավիաբազան համալրվել էր նաև հարվածային և բեռնատար ուղղաթիռներով՝ 7 միավոր և 6 միավոր խմբաքանակներով, որոնք 2016-ի հունվարին արդեն հավաքվել են և  պատրաստ են ուսումնամարտական թռիչքների համար:

ՄիԳ-29 կործանիչները Երևանի Էրեբունի օդանավակայանում թռիչքի ժամանակ

ՄիԳ-29 կործանիչները Երևանի Էրեբունի օդանավակայանում թռիչքի ժամանակ

Ավելացնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև միացյալ ՀՕՊ համակարգիստեղծումից հետո Ռուսաստանի կովկասյան տարածքներում տեղակայված ավիացիոն և ՀՕՊ ստորաբաժանումները նույնպես ներգարվվելու են այդ համակարգի մեջ:

Հայաստանյան «Մեդիամաքս» գործակալության հետ զրույցում ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը տեղեկացրել էր, որ միացյալ համակարգի ստեղծումը «թույլ կտա ՀՀ օդային տարածքի և պետության տարածքում գտնվող օբյեկտների պաշտպանության ընթացքում կիրառել ոչ միայն Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազայի ՀՕՊ ուժերը եւ ավիացիան, այլ նաեւ ՌԴ Հարավային ռազմական շրջանի ուժերը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *