Հունվարի 27-ին Թուրքիայի նախագահի գլխավորած ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստում քննարկվել են Սիրիայում ընթացող գործընթացներում Թուրքիայի դերը և թուրքական կողմի հետաքրքրությունները, Թուրքիայի ներսում ընթացող ռազմական բախումները, ինչպես նաև Թուրքիայի ներքին և արտաքին առաջնահերթությունները:
Սովորաբար ԱԱԽ նիստում ընդունված «Ազգային անվտանգության քաղաքական փաստաթուղթը» (Կարմիր գիրք) չի հրապարակվում, սակայն նիստի ավարտից հետո ԱԱԽ գլխավոր քարտուղարությունը հրապարակում է նիստի քննարկումների արձանագրությունը: Այս նիստից հետո արձանագրությունը ևս հրապարակվել է, որտեղից էլ հայտնի են դառնում քննարկված հիմնական թեմաները և կայացված մի շարք որոշումներ:
Այսպես, 2016 թ. հունվարի 27-ի հերթական նիստում քննարկված թեմաները, ինչպես նաև դրանց վերաբերող մեկնաբանությունները ներկայացնում ենք ստորև:
- Թուրքիային սպառնացող ներքին և արտաքին վտանգները, ահաբեկչության դեմ պայքարի մեխանիզմները:
Որոշվել է երկրի ներսում և դրսում շարունակել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK), «Զուգահեռ պետական կառույցի» (Ֆերթհուլլահ Գյուլենի գլխավորած շարժման հետևանքով ստեղծված ցանց, որի մեջ` թուրքական կողմի պնդումներով մտել են նաև Թուրքիայի ուժային կառույցների անդամներ), «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ԻՊ) դեմ պայքարը: Մասնավորապես որոշվել է շարունակել զինված պայքարը PKK-ի դեմ` մինչև այդ կառույցին վերջնական պարտության մատնելը:
2015-ի դեկտեմբերից Թուրքիայի արևելքում զինված բախումների ընթացքին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով դրված հոդվածներում: Իսկ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի վարած քաղաքականությանը, ԻՊ հետ հարաբերություններին կարող եք ծանոթանալ այս հղումով:
- Սիրիայում ընթացող գործընթացները:
Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը որոշել է շարունակել օժանդակությունը Սիրիայի սուննի արաբական խմբավորումներին, ինչպես նաև այսպես կոչված «Սիրիայի թուրքմեններին» (Սիրիայում ապրող թյուրքական ցեղեր, որոնք հիմնականում տեղակայված են Թուրքիայի սահմանակից հյուսիսարևմտյան շրջաններում և զինվում, ինչպես նաև զինյալներով համալրվում են Թուրքիայից և կռվում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարական զորքերի դեմ):
Նշվել է, որ «Սիրիայի ապագայի կառուցման հարցում» պետք է բացառել ԻՊ-ի, գործող իշխանությունների, ինչպես նաև Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը (PYD) դերակատարությունը: (Թուրքիայի ղեկավարությունը քրդական այդ կառույցը համարում է Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) սիրիական թևը, սակայն ամերիկյան կողմն այդ կառույցը համարում է դաշնակից` ԻՊ-ի դեմ պայքարում և օժանդակում է քրդական կառույցի գործունեությանը):
Քննարկվել են նաև Սիրիայի հետ պետական սահմանն ամրապնդելու հարցերը: Այդ թեմայով տես հետևյալ հղումով դրված հոդվածները:
- Խորհրդին տեղեկություններ են հաղորդվել Ռուսաստանի` Սիրիայի իշխող վարչակարգի հետ համագործակցության մասին:
Նշված քննարկման վերաբերյալ առանձնապես տեղեկություն չի հաղորդվում, սակայն կարելի է ենթադրել, որ Թուրքիան Ռուսաստանին նույնպես Սիրիայում իբրև վտանգ է տեսնում: Մասնավորապես նշվում է, որ այն համագործակցում է Սիրիայի գործող վարչակարգի հետ, որը Թուրքիայի համար սպառնալիք է, ինչպես նաև թուրքական լրատվամիջոցները շարունակում են հայտնել, որ ռուսաստանյան ավիացիան 2015-ի աշնանից շարունակաբար ռմբակոծում է «Սիրիայի թուրքմենների» բնակավայարերը, իսկ այդ թյուրքական խմբավորմանը Թուրքիան դիտում է իբրև Սիրիայում դաշնակից և կառույց, որը կօգնի Թուրքիայի ազդեցությունը տարածել Սիրիայի` Թուրքիային սահմանակից շրջաններում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները սրվեցին 2015-ի նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանին ռուսաստանյան Սու-24Մ ռմբակոծիչ խոցումից հետո: Սակայն տվյալ արձանագրությունում թուրքական կողմը խուսափել է Ռուսաստանին վերաբերող առավել հստակ ու կտրուկ հայտարարություններից` փորձելով ավելի ևս չսրել հարաբերությունները, քանի որ դրանք վատ են անդրադառնում Թուրքիայի տնտեսության վրա:
- Իրաքի հետ հարաբերությունները:
Որոշվել է կայունացնել Իրաքի հետ հարաբերությունները, քննարկվել են այդ երկրում ընթացող ահաբեկչական գործողությունները: Նշենք, որ Թուրքիայի և Իրաքի հարաբերությունները կտրուկ սրվեցին, երբ 2015թ․ դեկտեմբերի 4-ին Թուրքիան շուրջ հատուկջոկատայինների ստորաբաժանում մտցրեց Իրաք՝ Իրաքյան Քրդստանի փեշմերգե զինված ուժերի մարտիկներին մարզելու պատրվակով։
Մինչ այդ դեռևս 2015-ի գարնանը Թուրքիան ևս մեկ ստորաբաժանում էր տեղակայել նույն ռազմական ճամբարում: Դեկտեմբերի 5-ին, Իրաքի կառավարությունը Թուրքիայից պահանջել էր դուրս բերել ստորաբաժանումները, սակայն Թուրքիան մինչ օրս Իրաքի պահանջը չի կատարել:
- Նշվել է, որ Եվրամիության հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերջին շրջանում առարկայական հաջող գործընթացներ են սկսվել:
Նշենք, որ Թուրքիան 1987 թվականից սկսած քայլեր է տանում Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ, սակայն այդ երկրի ներսում ընթացող գործընթացների, Թուրքիայի հակաժողովրդավարական կեցվածքի պատճառով բանակցությունները մշտապես փակուղի են մտել:
- Նիստում քննարկվել են նաև կիբեռանվտանգությանը վերաբերող հարցեր:
Հավելենք, որ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդի կազմը 1980 թ. ռազմական հեղաշրջումից հետո ընդունել էր ռազմականացված կերպար, և տվյալ կառույցի միջոցով թուրքական բանակը քաղաքացիական կառավարմանը միջամտելու մեխանիզմներ էր ստանում, որն օգտագործվեց նաև 1997 թ. ռազմական միջամտության ժամանակ: Սակայն 2002-ին իշխանության գալուց հետո «Արդարություն և զարգացում» կուսակցության, և մասնավորապես՝ Էրդողանի ջանքերով օրենքում կատարված համապատասխան փոփոխություններից հետո խորհրում սկսեցին մեծամասնություն կազմել քաղաքացիականները:
Խորհուրդը գլխավորում է երկրի նախագահը, անդամներն են` վարչապետը, վարչապետի օգնականները, նախարարների մի մասը, ինչպես նաև ԶՈւ ԳՇ պետը և զորատեսակների հրամանատարները:
Անդրադառնալով ԱԱԽ նիստում ընդունվող հիմնական փաստաթղթին` «Կարմիր գրքին», նշենք, որ եթե անգամ Թուրքիայի խորհրդարանն ամբողջապես ծանոթ չլինի գաղտնի պահվող փաստաթղթի բովանդակությանը, ապա, միևնույն է, չի կարող փաստաթղթի բովանդակությանը հակասող օրենք կամ փաստաթուղթ ընդունել:
Իսկ յուրաքանչյուր նորընտիր նախագահ ընտրվելուց հետո երեք ամսվա ընթացքում հրավիրվում է ԱԱԽ ճեպազրույցի, որտեղ նրան ծանոթացնում են «ազգային պաշտպանական ռազմավարությանը»: