[Լրացված] Թուրք-քրդական զինված բախումներ Թուրքիայի արևելքում. հունվարի 27-28

Թուրքիայի արևելքում շարունակվում են թուրքական ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինված բախումները: Հունվարի 27-ին Դիարբեքիրի Սուր գավառում PKK-ի հետ բախումներում սպանվել է 5, վիրավորվել` առնվազն ևս 4 հատուկջոկատային: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Լրացում․ Հունվարի 27-ին թուրքական «Իհլաս» լրատվական գործակալության տեղեկության համաձայն՝ Շրնաք նահանգի Ջիզրե գավառում սպանվել է 3, վիրավորվել՝ ևս 2 հատուկջոկատային։

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր գավառում. 28.01.2016 թ.

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր գավառում. 28.01.2016 թ.

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը ևս հայտնել է սպանված 3, ինչպես նաև վիրավոր ևս 3 զինծառայողների մասին, սակայն չի նշել նրանց հետ սպանված ևս 2 ոստիկանի մասին:

Թուրքական «Միլլիյեթ» պարբերականն իր հերթին հավելում է, որ ոստիկանության և ԶՈւ հատուկջոկատայիններին սպանել է PKK-ի դիպուկահարը, ինչպես նաև նշում, որ վիրավորվել է ոստիկանության ևս մեկ հատուկջոկատային:

Առավել վաղ քրդական ANF News լրատվական գործակալությունը ևս հայտնել էր սպանված հատուկջոկատայինների մասին` հավելելով, որ գործողությունների արդյունքում վիրավորվել է ևս 8 հատուկջոկատային:

Քրդական նույն աղբյուրը հայտնում է, որ Շրնաք նահանգի Ջիզրե գավառում արդեն 5-րդ օրն է` ինչ թուրքական ուժայինները չեն թույլատրում հիվանդանոց տեղափոխել Ջուդի թաղամասի տներից մեկում ապաստան գտած վիրավորներին, որոնց մի մասն արդեն մահացել է, իսկ 23-ը դեռ կարող են փրկվել:

Թուրքական ուժայինները Շրնաք նահանգի Ջիզրե գավառում

Թուրքական ուժայինները Շրնաք նահանգի Ջիզրե գավառում

Իսկ այսօր` հունվարի 28-ին, քրդական ANF News գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները կրկին ռմբակոծել են Իրաքում PKK-ի դիրքերը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի արևելյան քրդաբնակ գավառներում 2015-ի դեկտեմբերից վերսկսվել են հուլիս ամսից ընթացող սակայն նոյեմբերին փոքր-ինչ թուլացած բախումները «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և թուրքական ուժայինների միջև

Բացի այդ, թուրքական ավիացիան ռմբվակոծում է նաև Իրաքում PKK-ի ճամբարները, ինչպես նաև հրետանի, տանկեր և ավիացիա է օգտագործում հենց Թուրքիայի ներսում քրդերի դեմ պայքարում` կրակի տակ պահելով քրդաբնակ վայրերը:

2015-ի դեկտեմբերից շարունակվող բախումներում թուրքական կողմից ներգրավված են ոստիկանության, ժանդարմերիայի հատուկջոկատայինները և «գյուղական պահապանները»` ԶՈւ գլխավոր շտաբի համակարգմամբ:

Հունվարի 19-ից Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարությունը շուրջ 200-հոգանոց հատուկջոկատայինների («բոսորագույն բերետավորներ») ստորաբաժանում է ուղարկել Դիարբեքիր նահանգի Սուր գավառ, առավել ուշ նաև Ջիզրե և Սիլոփի գավառներ:

Ավելացնենք, որ 2015-ի դեկտեմբերից մինչ օրս Թուրքիայի արևելքում շարունակվող զինված բախումների ընթացքի ընթացքին, թուրքական և քրդական կողմերի արձագանքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով դրված հոդվածներում:

Դիարբեքիրի Սուր գավառը թուրք-քրդական բախումների արդյունքում. 28.01.2016 թ.

Դիարբեքիրի Սուր գավառը թուրք-քրդական բախումների արդյունքում. 28.01.2016 թ.

One response to “[Լրացված] Թուրք-քրդական զինված բախումներ Թուրքիայի արևելքում. հունվարի 27-28

  1. Pingback: Թուրք-քրդական զինված բախումներ Թուրքիայի արևելքում. հունվարի 29 – փետրվարի 1 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *