Թուրքական «Օթոքար» ռազմարդյունաբերական ընկերությունը պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությանը (ՊԱԳՎ) 2016-ի հունվարի 18-ին ներկայացրել է Թուրքիայի զինված ուժերի համար 250 միավոր «Ալթայ» տանկ արտադրելու առաջարկ: Այս մասին նույն օրը հայտնել էր թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի ՊԱԳՎ-ին ուղարկած առաջարկում ընկերությունը ներկայացրել է, որ արդեն իսկ ավարտել է պայմանագրով նախատեսված նախատիպերի արտադրությունը, սակայն նշել է, որ տանկի նախատիպերը դեռևս փորձարկման փուլում են:
Առաջարկի ընդունվելու պարագայում կողմերը պետք է քննարկեն պայմանները և տանկերի արտադրության ժամկետները:
Նշենք, որ թուրքական «Ալթայ» (Altay) հիմնական մարտական տանկը նախագծել է թուրքական «Օթոքար» ընկերությունը՝ Թուրքիայի զինված ուժերի պատվերով, 2007-ին ՊԱԳՎ-ի հետ կնքված պայմանագրի հիման վրա։ Առաջին թուրքական տանկի ստեղծման համար օգտագործվել են հարավկորեական K2 Black Panther տանկի համար կիրառված տեխնոլոգիաներն ու լուծումները։ Մեկ տանկի մոտավոր արժեքը գնահատվել է 5,5 միլիոն դոլար։
Առաջին էտապում 250 «Ալթայ» տանկ արտադրելու մասին հայտարարվել էր դեռևս 2008-ին, սակայն այդ ժամանակ դեռևս նոր էին սկսվել նախագծման աշխատանքները, և որևէ ժամկետ հայտնի չէր: Հետագայում հայտարարվում էր, որ տանկը կարող է սերիական արտադրության դրվել 2015-ից, սակայն դա հնարավոր չդարձավ մի շարք տեխնիկական խնդիրների պատճառով:
Հիմնական խնդիրներից մեկը տանկերի շարժիչներն են: «Ալթայ» տանկի շարժիչների արտադրության համար հայտարարված մրցույթում դեռևս 2014-ի օգոստոսին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը հաղթող էր ճանաչել թուրքական TÜMOSAN ընկերությանը: Վերջինս շարժիչների նախագծման հարցում համագործակցելու վերաբերյալ համաձայնագիր էր ստորագրել ավստրիական AVL List ընկերության հետ։
2015-ի նոյեմբերին հայտնի դարձավ, որ տանկի դիզելային շարժիչների արտադրությունը հնարավոր է սկսել միայն 2020-ին:
Ավելի վաղ նախատեսվում էր տանկի համար գնել արտասահմանյան արտադրության շարժիչներ, շրջանառվում էր գերմանական MTU ընկերության հետ համատեղ շարժիչ արտադրելու տարբերակը։ Հետագայում քննարկվում էր նաև Ճապոնիայի հետ համատեղ շարժիչ արտադրելու տարբերակը, սակայն թուրքական կողմը պայմանագիր չի ստորագրել նրանցից ոչ մեկի հետ՝ չկարողանալով վերջնական համաձայնության հասնել, քանի որ ընկերությունները հետագայում կարող էին խոչընդոտել տանկերի ազատ արտահանմանը: