Հայ լրագրողի սխալից օգտվելով՝ Ադրբեջանի ՊՆ-ն «գրավեց» Օդունդաղի բարձունքը

Հունվարի 21-ին «Առավոտ» լրատվակայքը տեղեկություն էր հրապարակել այն մասին, թե «ադրբեջանական զինուժը ռազմավարական նշանակություն ունեցող Օդնդաղ սարի գլխին, սարի ձախ կողմում հողային աշխատանքներ կատարելով՝ կրակակետ է կառուցել»։ Ըստ հոդվածի հեղինակի՝ նորաստեղծ հենակետը պարզ երևում է Հայաստանի Բաղանիս գյուղից։

Այսօր՝ հունվարի 25-ին, արձագանքելով «հայկական լրատվամիջոցների տարածած տեղեկություններին», Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը «հաստատել է» այդ տեղեկությունը` հայտարարելով. «Բարձունքի ռազմավարական նշանակության և աշխարհագրական հարմարության պատճառով այն վերցվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ, ուժեղացվել է մարտավարական և ամրաշինական առումով», ինչը մեծ խանդավառություն է առաջացրել սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերի մոտ։

Ադրբեջանական լրատվամիջոցի հաղորդումը Օդունդաղի «գրավման» մասին: Ադրբեջանական կողմի համար սկզբնաղբյուր է եղել հայկական լրատվամիջոցը:

Ադրբեջանական լրատվամիջոցի հաղորդումը Օդունդաղի «գրավման» մասին: Ադրբեջանական կողմի համար սկզբնաղբյուր է եղել հայկական լրատվամիջոցը:

Փորձենք հասկանալ, թե ինչ է իրականում կատարվում սահմանի այդ հատվածում։

Նախ՝ նշենք, որ Օդունդաղ լեռան գագաթով է անցնում հայ-ադրբեջանական «միջազգայնորեն ճանաչված» սահմանը, սակայն փաստացի սահմանը (իսկ ըստ էության՝ հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև շփման գիծը) անցում է ոչ թե լեռան գագաթով, այլ ավելի հարավ գտնվող Ջողազի ջրամբարով, որը բաժանում է հայկական Բերքաբեր և ադրբեջանական Մեզեմ գյուղերը։ Իսկ Մեզեմից ավելի հյուսիս՝ ադրբեջանական Գուշչու Այրում և Ֆերեհլի գյուղերի միջև գտնվող բարձունքն, արդեն 25 տարի է ինչ ամբողջությամբ ադրբեջանցիների վերահսկողության տակ է, իսկ հակառակորդի դիրքերն էլ այնտեղ վաղուց կան։

Քարտեզում կապույտով նշված են Հայաստանի գյուղերը, կարմիրով՝ Ադրբեջանի գյուղերը: Նարնջագույնով նշված է հայ-ադրբեջանական ներկա սահմանը, աստղով՝ Օդունդաղ բարձունքը, կանաչ գծով՝ «միջազգայնորեն ճանաչված» սահմանը.

Այսքանից ակնհայտ է, որ անհեթեթություն է խոսել այդ բարձունքի նկատմամբ նոր հաստատված վերահսկողության մասին։ Պարզապես Ադրբեջանի ՊՆ-ում որոշել են օգտագործել հայ լրագրողի «գեղեցիկ պասը» և ռազմական ու տնտեսական ոլորտներում ամիսներ տևած լուրջ ձախողումներից հետո ամպագորգոռ ու ոգևորիչ հայտարարություններ անել՝ հղում անելով հենց հայկական աղբյուրներին։

Թարմացում. (26.01.2016)
«Առավոտ» լրատվակայքը, վերահրապարակելով Ռազմինֆոյի հոդվածը, մեկնաբանել և ընդունել է, որ ««Առավոտի» թղթակից Ոսկան Սարգսյանի նյութում եղել են ոչ հստակ ձեւակերպումներ, որոնցից կարող էր օգտվել հակառակորդը»:

2 responses to “Հայ լրագրողի սխալից օգտվելով՝ Ադրբեջանի ՊՆ-ն «գրավեց» Օդունդաղի բարձունքը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 24 – 30 հունվարի, 2016 | Ռազմ.info

  2. Pingback: Հոկտեմբերի 11-12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է առաջնագիծ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *