Այսօր` հունվարի 25-ին, ՌԴ Կրոսնոյորսի շրջանում ուսումամարտական թռիչքի ժամանակ վթարվել է ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի ՀՕՊ ուժերի ՄիԳ-31 կործանիչը: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռազմական ինքնաթիռի կործանման պատճառը տեխնիկական խնդիրն է եղել:
Կործանիչի վթարից հետո կատապուլտով փրկված օդաչուներին տարհանելու համար դեպքի վայր է գնացել որոնողոփրկարարական անձնակազմ` Մի-8 բեռնատար ուղղաթիռով:
ՄիԳ-31 կործանիչն ընկել է Կրասնոյարսկի շրջանի Կանսկ քաղաքից շուրջ 40 կմ դեպի հյուսիս ընկած անտառապատ շրջանում:
Հիշեցնենք, որ անցյալ տարի մի շարք վթարներ էին գրանցվել ՌԴ օդատիեզերային ուժերում: 2015-ի միայն ամռանը ՌԴ զինված ուժերում գրանցվել էր 7 պատահար.
- հունիսի 8 – Ամուրսկի շրջանում շարժիչի վառվելու հետևանքով վթարվելու Տու-95ՄՍ ռազմավարական ռմբակոծիչ, ինչի հետևանքով վիրավորվել են անձնակազմի մի քանի անդամ,
- հուլիսի 3 – Կրասնոդարի մոտ ընկել է ՄիԳ-29 կործանիչ,
- հուլիսի 4 – միաժամանակ 2 վթար է եղել. Աշուլուկ շրջանում ընկել ՄիԳ-29 կործանիչ, իսկ Վորոնեժում վայրէջքի ժամանակ շրջվել է Սու-34 ռմբակոծիչ,
- հուլիսի 6 – Խաբարովսկի երկրամասում վթարվել է Սու-24 ճակատային ռմբակոծիչ, ինչի հետևանքով զոհվել են ինքնաթիռի 2 օդաչուները,
- հուլիսի 14 – Խաբարովսկում ուսումնավարժական թռիչքի ժամանակ վթարվել է ևս մեկ Տու-95ՄՍ ռազմավարական ռմբակոծիչ։ Զոհվել են 2 օդաչուները,
- հուլիսի 17 – Չելյաբինսկի շրջանում վթարվել է Ան-12 բեռնատար ինքնաթիռ:
Այս կապակցությամբ անգամ հայատարարվել էր, որ հաճախակի դարձած վթարների, ինքնաթիռների անկումների պատճառներից մեկը բարձրակարգ մասնագետների պակասն է:
Pingback: Ռուսաստանում Սու-25 գրոհիչ է կործանվել | Ռազմ.info