Թուրքիայի արևելյան քրդաբնակ գավառներում 2015-ի դեկտեմբերից շարունակվում են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և թուրքական ուժայինների զինված բախումները: Մասնավորապես ուժեղ բախումներ են Շրնաք նահանգի Ջիզրե և Սիլոփի գավառներում, որոնք սկսվել են 45 օր առաջ, ինչպես նաև Դիարբեքիրի Սուր գավառում` 44 օր առաջ: Հունվարի 25-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն հայտնել էր, որ հունվարի 24-ի դրությամբ Ջիզրե գավառում սպանվել է PKK-ի 452, իսկ Սուր գավառում` 121 զինյալ: Սակայն թուրքական զինուժի ներկայացված տվյալները մի շարք անգամներ չեն համապատասխանել թուրքական այլ աղբյուրների, ինչպես նաև քրդական աղբյուրների ներկայացրած տվյալներին, որոնց համաձայն` թուրքական ուժայինները սպանում են խաղաղ բնակիչների:
Թուրք-քրդական բախումների մասին հնարավորինս համապարփակ տեղեկություն ստանալու նպատակով ստորև ներկայացնում ենք թուրքական և քրդական լրատվամիջոցների անդրադարձերը:
Թուրքական լրատվամիջոցների անդրադարձը`
Նշենք, որ Թուրքիայի արևելյան քրդաբնակ գավառներում PKK-ի սպանված զինյալների ամփոփ տվյալներ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հրապարակում է գրեթե ամեն օր, սակայն տվյալները վերաբերում են հիմականում Շրնաքի Ջիզրե և Սիլոփի, ինչպես նաև Դիարբեքիրի Սուր գավառներին: Հունվարի 25-ին Սիլոփի գավառի մասին տվյալներ չէին հրապարակվել, իսկ նախորդ օրը հրապարակվել էր 145 սպանված զինյալների մասին տեղեկություն:
Ընդհանուր առմամբ, Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն հայտնում է, որ 2015-ի դեկտեմբերից մինչ հունվարի 23-24-ը նշված 3 գավառներում ուժայինները սպանել են 718 քուրդ զինյալ: Սակայն, անհրաժեշտ է նշել, որ զինված բախումներ ընթանում են նաև Մարդին, Վան, Հաքքարի նահանգներում, ինչպես նաև Թուրքիայի քրդաբնակ այլ վայրերում, սակայն հենց Սուր, Ջիզրե և Սիլոփի գավառներում են քրդական ուժերը առավելագույն դիմադրություն ցուցաբերում և վարում հնարավորինս համակարգված գործողություններ:
Նշենք, որ «Իհլաս» լրատվական գործակալությունը հունվարի 22-ին հայտնել էր, որ 2015-ի դեկտեմբերի 2-ից Սուր գավառում սպանվել է 17, վիրավորվել` 125 թուրքական ուժային: Քրդական PKK-ն տվել է 106 սպանված (ԳՇ կայքում հունվարի 23-ի դրությամբ նշվում էր 115 սպանված զինյալ: Սա տվյալների անհամապատասխանության դեպքերից մեկն է, ինչի մասին նշել էինք):
«Միլլիյեթ» պարբերականի կայքը հունվարի 26-ին հայտնում է, որ նույն օրը Սուր գավառում PKK-ի հետ բախումներում վիրավորվել է ոստիկանության 2 հատուկջոկատային: Հունվարի 24-ից 26-ն ընկած ժամանակահատվածում թուրքական աղբյուրներն այլ տուժած թուրքական ուժայիննեի մասին տվյալներ չեն հաղորդել:
«Իհլաս» լրատվական գործակալությունն իր հերթին հունվարի 26-ին հայտնում է, որ Սուր, Ջիզրե և Սիլոփի գավառներում շարունակվող մարտերի պատճառով թուրքական զինուժը շարունակում է զինամթերք ուղարկել ուժայիններին:
«Հյուրիեթ» պարբերական կայքը հունվարի 25-ին հայտնել էր, որ Ջիզրե գավառում արդեն 43-րդ օրն է, ինչ չեն դադարում ռազմական գործողություները: Հրապարակված տեսանյությում երևում է, թե ինչպես են թուրքական ուժայինները հրետակոծում և արկակոծում բնակավայրը:
Քրդական աղբյուրների անդրադարձը`
Ստորև ներկայացնում ենք քրդական PKK-ին մոտ կանգնած ANF News լրատվական գործակալության անդրադարձը, ինչպես նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը մոտ կանգնած IMCTV լրատվակայքի անդրադարձը, որն աչքի է ընկնում առավել չեզոք մեկնաբանություններով:
Հունվարի 25-ին ANF News լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Ջիզրեում թուրքական ուժայինները արդեն 3-րդ օրն է, ինչ կրակում են մի տան ուղղությամբ, որտեղ շուրջ 25 վիրավոր և 3 սպանված կա` նախորդ օրերին ուժայինների հրետակոծություններից հետո: Նշվում է, որ թուրքական ուժայինները դեռևս շարունակում են հրետակոծել, արկակաոծել և ռմբակոծել բնակավայրերը` սպանելով զինված բախումների հետ կապ չունեցող քաղաքացիականների:
IMCTV-ն ևս հայտնում է, որ թուրքական ուժայինները շարունակում են տանկերով և հրետանիով կրակել Ջիզրեի Ջուդի թաղամասի բնակելի շենքերի ուղղությամբ: Նշվում է, որ վիրավորների թիվը հասել է 28-ի, սակայն նրանց չեն թույլատրում հիվանդանոց տեղափոխել: Նույն պատկերն է նաև Սուր և Սիլոփի գավառներում: Բացի այդ, աղբյուրը հունվարի 26-ին նշում է, որ Ջիզրեի Ջուդի թաղամասում թուրքական ուժայինները սպանել են ևս մեկ խաղաղ բնակիչ:
Նույն աղբյուրը հունվարի 23-ին հայտնել էր, որ Ջիզրե գավառում սպանվել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ հատուկ նշանակության գործողությունների ստորաբաժանման 1 լեյտենանտ:
Հիշեցնենք, որ թուրքական «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնադրամ» հասարակական կազմակերպության` հունվարի 9-ին հրապարակված զեկույցում նշվում էր, որ 2015-ի դեկտեմբերից 11-ից մինչև 2016-ի հունվարի 8-ը Թուրքիայի արևելքում ուժայինները սպանել են 79 քաղաքացիական անձ, որոնցից 14-ն անչափահասներ են: Իսկ վերջին 5 ամիսների ընթացքում սպանվել է 162 քաղաքացիական:
Նշենք, որ 2015-ի դեկտեմբերից Թուրքիայի արևելքում ընթացող զինված բախումներից թուրքական կողմից ներգրավված են ոստիկանության, ժանդարմերիայի հատուկջոկատայինները և «գյուղական պահապանները»` ԶՈւ գլխավոր շտաբի համակարգմամբ:
Իսկ հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարությունը շուրջ 200-հոգանոց հատուկջոկատայինների («բոսորագույն բերետավորներ») ստորաբաժանում է ուղարկել Դիարբեքիր նահանգի Սուր գավառ, առավել ուշ նաև Ջիզրե և Սիլոփի գավառներ:
Ավելացնենք, որ 2015-ի դեկտեմբերից մինչ օրս Թուրքիայի արևելքում շարունակվող զինված բախումների ընթացքի ընթացքին, թուրքական և քրդական կողմերի արձագանքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով դրված հոդվածներում: