Հայ-ռուսական հանձնաժողովը քննարկել է Հայաստանին սպառազինություն մատակարարելու հարցեր • ՀՀ ՊՆ գնումների գործընթացում նվազել են կոռուպցիոն ռիսկերը • ՀՀ ԶՈւ զինծառայողները Վրաստանում մասնակցում են ձմեռային վարժանքների • Օհանյանը և Կասպրշիկը քննարկել են շփման գծի հետաքննական մեխանիզմների մշակումը • Ադրբեջանցիները կեղծ լուր են տարածել, թե հայկական կողմը 152մմ հրանոթով կրակել է իրենց դիրքերին • Յուրի Խաչատուրովը մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության քննարկմանը • ՀՀ զինված ուժերը մտադիր են մասնակցել Արկտիկայում ՌԴ ԶՈւ վարժանքներին • Մեկնարկել են ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի դիպուկահարների, հետախույզների և տանկիստների վարժանքները
• Հունվարի 18-ից 22-ը Հայաստանում անցկացված հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստում քննարկվել են Հայաստանին երեք միավոր Իլ- 76 ինքնաթիռ, զրահատանկային, հրթիռա-հրետանային և այլ սպառազինությունների մատակարարման հարցեր։
• Հունվարի 18-ին ՀՀ ԶՈւ նյութատեխնիկական ապահովման ու գնումների հարցերին նվիրված նիստում արձանագրվել է, որ գների և շուկայի ուսումնասիրության շնորհիվ գնումների գործընթացում նվազել են կոռուպցիոն ռիսկերը:
• Վրաստանի Սաչխերեյի լեռնային պատրաստության դպրոցում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի շրջանակներում մեկնարկել է ձմեռային վերապատրաստման փուլը, որին մասնակցում են նաև Հայաստանի ԶՈւ զինծառայողներ։
• Հունվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին, ում հետ զրույցում ևս մեկ անգամ նշել է շփման գծում իրավիճակի վերահսկողությունը ուժեղացնելու նպատակով հետաքննական միջազգային մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը:
• Ադրբեջանական սոցցանցային խմբերից մեկը հունվարի 22-ին տեղեկություն է տարածել, թե իբր հայկական կողմը Դ-20 (152 մմ) հրանոթներով հրետակոծել է Ադրբեջանի զինված ուժերի՝ հայկական Վարանդա (Ֆիզուլի) քաղաքի դիմացի դիրքերը: Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել է այդ լուրը՝ ավելացնելով, որ ընդհանուր առմամբ առաջնագծում իրավիճակը հանգիստ է:
• Հունվարի 21-ին Բրյուսելում անցկացվել է ՆԱՏՕ անդամ և գործընկեր պետությունների ԶՈւ ԳՇ պետերի նիստը, որի ժամանակ քննարկվել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությունը: Նիստին մասնակցել է նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։
• Հունվարի 21-ին հայտնի է դարձել, որ Հայաստանը, ինչպես նաև Բելառուսը և Ղազախստանը ցանկություն են հայտնել մասնակցել Ռուսաստանի օդադեսանտային ուժերի՝ Արկտիկայում անցկացվելիք վարժանքներին:
• Ռուսաստանի ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայում մեկնարկել են դիպուկահարների և հետախույզների մեկամսյա վարժանքները։ Ռազմաբազայի տանկերի և ՀՄՄ-ների անձնակազմերն էլ սկսել են պատրաստվել «Միջազգային բանակային խաղեր 2016-ին»։