Ադրբեջանական սոցցանցային խմբերից մեկն այսօր՝ հունվարի 22-ին, տեղեկություն է տարածել, թե իբր հայկական կողմը Դ-20 (152 մմ) հրանոթներով հրետակոծել է Ադրբեջանի զինված ուժերի՝ հայկական Վարանդա (Ֆիզուլի) քաղաքի դիմացի դիրքերը: Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքեց այդ լուրը՝ ավելացնելով, որ ընդհանուր առմամբ առաջնագծում իրավիճակը հանգիստ է:

Ադրբեջանական սոցցանցային խմբի գրառումը, թե իբր հայկական կողմը Դ-20 (152մմ) հաուբիցով հրետակոծել է ադրբեջանական դիրքերը
Արծրուն Հովհաննիսյանը մանրամասնեց, որ առաջնագծի հարաբերական հանգիստ պայմաններում հայկական կողմը հաճախ չի էլ պատասխանում ադրբեջանական կրակոցներին, որովհետև դրա կարիքը չկա:
Նշենք, որ 2015-ի սեպտեմբերին Ադրբեջանի զինված ուժերը 1994թ. կնքված հրադադարից հետո առաջին անգամ հայկական բանակի դիրքերի ուղղությամբ կրակել էին 120 մմ Դ-30 հաուբիցով:
Դրանից հետո Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը հարցազրույցներից մեկում նշել է.
«… անհրաժեշտության դեպքում մենք նույնպես կկիրառենք Դ-30, պետք լինի նաև 152 մմ տրամաչափի զինատեսակներ էլ կկիրառենք»: Սակայն դրանից հետո 152 մմ հրետանու կիրառման դեպք չի արձանագրվել:
One response to “Ադրբեջանցիները կեղծ լուր են տարածել, թե հայկական կողմը 152մմ հրանոթով կրակել է իրենց դիրքերին”