Հունվարի 21-ին Գերմանիա պաշտպանության նախարար Ուրսուլա վոն դեր Լեյենն այցելել է Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազա, ծանոթացել բազայում տեղակայված գերմանական ստորաբաժանմանը, հանդիպել Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազին: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականի կայքը:
Թուրքիայի և Գերմանիայի պաշտպանության նախարարները քննարկել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ԻՊ) դեմ պայքարի մեխանիզմները: Հանդիպումն անցել է դռնփակ, ինչի պատճառով մանրամասները չեն հաղորդվում: Հայտնի է միայն, որ հանդիպմանը մասնակցել են երկու երկրների զինված ուժերի հրամանատարական կազմի ներկայացուցիչներ:
Թուրքիայի իր պաշտոնակցի հետ հանդիպելուց հետո Գերմանիայի պաշտպանության նախարարն այցելել է 2015-ի դեկտեմբերից «Ինջիրլիք» ռազմաբազայում տեղակայվող գերմանական ստորաբաժանման զինծառայողներին, ուսումնասիրել ռազմական տեխնիկան, զրուցել ստորաբաժանման հրամանատարի հետ: Նշվել է, որ ներկայումս «Ինջիրլիքում» կա 410 գերմանացի զինծառայող, սակայն մոտ ժամանակներս նախատեսվում է զինծառայողների քանակը հասցնել 1200-ի:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին Գերմանիայի զինված ուժերի մամուլի խոսնակը հայտարարել էր, որ նախատեսում են մեկ տարի ժամկետով 1200 զինվորականներ, 6 միավոր Tornado հետախուզական ինքնաթիռ և մեկ բեռնատար-լիցքավորող ինքնաթիռ ներգրավել ԻՊ դեմ պայքարում, ինչպես նաև մեկ ֆրեգատ` ֆրանսիական «Շարլ դը Գոլ» ավիակրի պաշտպանության համար:
Որոշումը կայացվել էր ֆրանսիական կողմի խնդրանքով` Փարիզում իրականացված ահաբեկչությունից հետո, որը շուրջ 130 մարդու կյանք էր խլել:
Գերմանիան առաջին 2 Tornado հետախուզական, ինչպես նաև ևս երկու բեռնատար ինքնաթիռները (A-400M և A-310) Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայում տեղակայել էր դեռևս դեկտեմբերի 10-ին: Տեղակայվածներից A-310 լիցքավորող ինքնաթիռը դեկտեմբերի 16-ից ներգրավվել էր Սիրիայում ԻՊ դեմ գործողություններին, իսկ հետախուզական ինքաթիռները ներգրավվել են արդեն 2016-ի հունվարից:
Սակայն նշվում է, որ գերմանական ինքնաթիռները տեխնիկական խնդիրների պատճառով չեն կարողանում գիշերային թռիչքներ կատարել, ինչի պատճառով առայժմ հետաձգվում է նաև մյուս 4 ինքնաթիռների տեղակայումը Թուրքիայում, ինչի մասին հայտարարվում էր դեռևս հունվարի սկզբին: