2016-ի հունվարի 15-ին ԱՄՆ-ն Աֆղանստանին տրամադրվող ռազմական օգնության շրջանակներում Քաբուլի «Բահրամ» միջազգային օդանավակայանում այդ երկրի ռազմաօդային ուժերին է փոխանցել 4 միավոր Super Tucano թեթև գրոհիչ։
Ռուսաստանյան «Ռազմավարության և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի» բլոգի փոխանցմամբ՝ սրանք Աֆղանստանի նոր կազմավորված ռազմաօդային ուժերի առաջին մարտական ինքնաթիռներն են։
Աֆղանստանին Super Tucano ինքնաթիռները փոխանցվում են 2013-ին Light Air Support (LAS) ծրագրի շրջանակներում ԱՄՆ ՌՕՈւ և Sierra Nevada Corporation ընկերության միջև կնքված պայմանագրով, որով նախատեսվում է 20 միավոր այսպիսի գրոհիչ փոխանցել աֆղանական կողմին` ամերիկյան բյուջեի հաշվին։ Պայմանագրի արժողությունը 427 մլն դոլար է։
Նշենք, որ պայմանագրով նախատեսված է եղել առաջին խմբաքանակը հանձնել Աֆղանստանին դեռևս 2014-ի օգոստոսին։ Ինչպես նկատելի է, նախանշված ժամկետը հետաձգվել է շուրջ մեկ ու կես տարով։ Երկրորդ խմբաքանակը նախատեսվում է հանձնել այս տարվա մարտին, իսկ ծրագրի ավարտի համար վերջնաժամկետ է սահմանված 2018 թվականը։
Super Tucano-ների՝ Աֆղնաստանի ՌՕՈւ-ին հանձնելու արարողության տեսանյութն ու լուսանկարները՝ ստորև։