Իրանական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել ռուսաստանյան արտադրության «Բաստիոն» առափնյա, շարժական հրթիռային համակարգերի նկատմամբ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության ոլորտին մոտ իր աղբյուրներին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իրանցի գործընկերների հետաքրքրությունը պայմանավորված է մասնավորապես Իրանի՝ ծովեզրյա ու ափամերձ սահմանների պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությամբ։
Աղբյուրը նշել է, որ ներկայում, երբ վերացվել են Իրանի նկատմամբ պատժամիջոցները, ռազմատեխնիկական ոլորտում ռուս-իրանական հարաբերությունների զարգացման համար նոր փուլ է սկսվել։
«Այսօր որևէ խոչընդոտ չկա Իրանին «Բաստիոն» համակարգեր փոխանցելու համար»,—նշել է «Ինտերֆաքսի» զրուցակիցը։
«Հավելենք, որ «Բաստիոն» համակարգը նախատեսված է առափնյա տարածքների՝ մոտ 600 կմ պաշտպանության համար։ Առավելագույն մարտական լրակազմը կազմված է 24 հականավային «Յախոնտ» հրթիռներից։ Հրթիռների արձակման մեկնարկը տրվում է 2,5 վայրկյան միջակայքով։ Հրթիռներն ունեն մինչև 750 մ/վ արագություն։ Այս համակարգը կիրառվում է Ռուսաստանի ԶՈւ-ում։ «Բաստիոններ» են փոխանցվում նաև Վիետնամին ու Սիրիային։