Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնել է Կարսում նոր վարժանքներ անցկացնելու մասին` տարածելով «ժամանակավոր անվտանգության գոտի» հայտարարված տարածքների և մուտքի արգելքի կոորդինատները 2016-ի հունվարի 25-ից փետրվարի 5-ը և փետրվարի 10-26-ն ընկած ժամանակահատվածներում: Այս մասին հունվարի 20-ին հայտնում է Թուրքիայի ԶՈՒ ԳՇ կայքը:
Հրապարակված կոորդինատների ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ վարժանքներն անցկացվելու են Կարսի օդանավակայանի և Աքբաբա քաղաքի միջև ընկած տարածքում տեղակայված «Աքբաբա» զորավարժարանում։
Հայտարարությունում ընդգծվում է, որ զորավարժության ընթացքում կրակի արձակման բարձրությունը չպետք է գերազանցի 14000 ֆուտը (մոտավորապես 4267 մ)։
Ավիաուղիների անվտանգությունն ապահովելու նպատակով վարժանքները կոորդիանցվելու են Կարսի օդանավակայանի ղեկավարության հետ համատեղ։
Ավելացնենք, որ Թուրքիայի զինված ուժերը Կարսի զորավարժարանում տարին 2-ից 4 անգամ անցկացնում է նմանատիպ վարժանքներ: 2016-ին թուրքական զինուժը մեկ անգամ արդեն հայտարարել է Կարսում վարժանքներ անցկացնելու մասին, որոնք մեկնարկել են հունվարի 18-ին և կավարտվեն հունվարի 22-ին:
Իսկ 2014-ի ձմռանը Կարսում անցկացվող զորավարժությանը մասնակցել էին նաև Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները:
Pingback: Թուրքիան մեկամսյա ձմեռային վարժանքներ է անցկացնում Կարսում (քարտեզ) | Ռազմ.info