Այսօր՝ հունվարի 20-ի վաղ առավոտյան, զինված անձինք հարձակվել են Պակիստանի հյուսիսարևմտյան Խիյբեր-Պախտունխվա նահանգի Չարսադդա քաղաքի Բաչա Խան համալսարանի վրա։ Սպանվել է առնվազն 15 մարդ, սակայն տեղական ոստիկանությունը հայտնում է, որ զոհվածների թիվը հնարավոր է հասնի 40-ի։
Այս մասին հայտնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը՝ հավելելով, որ երկրի փրկարար ծառայության մամուլի խոսնակի խոսքերով՝ զոհվածների թվում են ուսանողներ, անվտանգության աշխատակիցներ, ոստիկաններ և առնվազն 1 դասախոս։
Նշվում է, որ փոխհրաձգությունը տևել է մի քանի ժամ։ Տեղի անվտանգության ուժերին հաջողվել է ոչնչացնել 4 զինյալի։ Նախապես հայտարարված է եղել, որ հարձակումն իրականացնողներն հենց 4-ն են։ Սակայն որոշ ժամանակ անց պարզ է դարձել, որ վերջիններիս թիվը հստակ չէ և տատանվում է 6-8-ի միջև։
Հատկանշական է, որ այսօր համալսարանում միջոցառում էր կազմակերպված՝ նվիրված Պակիստանում հայտնի ակտիվիստ, անկախության ջատագով Խան Աբդուլ Ղաֆֆար Խանի մահվան տարելիցին, ու բացի իր ուսանողներից ու դասախոսներից միջոցառման առթիվ համալսարանը հյուրընկալել էր նաև շուրջ 600 հոգու։
Այս հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» ահաբեկչական շարժման պակիստանյան թևը՝«Թեհրիկ-ի-Թալիբանը», որն արդեն մի քանի տարի է՝ մշտական վտանգի տակ է պահում Պակիստանի հյուսիս-արևմուտքը։
Հիշեցնենք նաև, որ մոտ մեկ տարի առաջ՝ 2014-ի դեկտեմբերին, Պակիստանի Փեշավար քաղաքում զինյալները գրավել էին դպրոցի շենքը։ Այս հարձակման հետևանքով զոհվել Է 145 մարդ, այդ թվում՝ 132 երեխա: Ավելի ուշ այս հարձակման պատասխանատվությունը ևս ստանձնել էր «Թեհրիկ-ի-Թալիբանը»։ Խմբավորման «մամուլի խոսնակն» էլ հայտարարել էր, որ դա իրենց դեմ Պակիստանի ուժայինների հատուկ գործողությունների պատասխանն է:
Լրացում.
Բրիտանական Reuters լրատվական գործակալությունը ժամեր անց հրապարակել է մեկ այլ հոդված՝ նշելով, որ «Թեհրիկ-ի-Թալիբանի» խոսնակը հերքել է իրենց մասնակցությունը վերոնշյալ հարձակմանը։