Թուրքիայի ԶՈւ-ն հատուկջոկատայինների նոր խումբ է ուղարկել Դիարբեքիր

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարությունը շուրջ 200-հոգանոց հատուկջոկատայինների («բոսորագույն բերետավորներ») ստորաբաժանում է ուղարկել երկրի արևելյան Դիարբեքիր նահանգի Սուր գավառ` PKK-ի դեմ պայքարում թուրքական ժանդարմերիայի և ոստիկանության հատուկջոկատայիններին օժանդակելու համար: Այս մասին հունվարի 18-ին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականը:

Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատ` «բոսորագույն բերետավորներ» (Bordo Bereliler)

Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատ` «բոսորագույն բերետավորներ» (Bordo Bereliler)

Թուրքիայի զինված ուժերի հատուկջոկատայինների ստորաբաժանումը պետք է հունվարի 19-ից սկսած մասնակցի «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ 2015-ի դեկտեմբերից իրականացվող գործողություններին:

Նշենք, որ անցյալ շաբաթ` հունվարի 14-ին, թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ ընդհանուր առմամբ Սուր գավառում կենտրոնացվել է շուրջ 2000 թուրքական ուժային: Նշվում էր, որ PKK-ի և թուրքական ուժայինների բախումներում հունվարի 14-ի դրությամբ սպանվել է 94 քուրդ զինյալ և 15 ուժային, սակայն թուրքական ուժայինների և քրդական զինյալների կորուստներն անցյալ շաբաթվանից հետո ավելացել են:

2015-ի դեկտեմբերի 2-ին Սուր գավառում «փողոց դուրս գալու արգելք» սահմանելուց հետո PKK-ի դեմ զինված պայքարին ներգրավվել են թուրքական ոստիկանության, իսկ դեկտեմբերի 18-ից` ժանդարմերիայի հատուկջոկատայինները, որոնք պատերազմական իրավիճակում ենթարկվում են Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին: Գործողություններին մասնակցում են նաև «գյուղական պահապանները», որոնք թուրքական կառավարության կողմից` PKK-ի դեմ պայքարի համար զինված, հիմնականում ազգությամբ քուրդ ուժայիններ են:

Թուրքական զինուժի հատուկջոկատայիններ Դիարբեքիրի Սուր գավառում

Թուրքական զինուժի հատուկջոկատայիններ Դիարբեքիրի Սուր գավառում

Այսպիսով, հունվարի 19-ից ներգրավվել են նաև Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի անմիջական ենթակայության տակ գտնվող հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության զինծառայողները: Նշված համալրումը ենթադրում է, որ Դիարբեքիրում քրդական PKK-ի դեմ թուրքական ուժայինների պայքարը նախատեսված հունով չի ընթանում, և զինված բախումները դեռ որոշակի ժամանակահատված կշարունակվեն գրեթե նույն ինտենսիվությամբ:

Ավելացնենք, որ 2015-ի դեկտեմբերից մինչ օրս Թուրքիայի արևելքում շարունակվող զինված բախումների ընթացքի ընթացքին, թուրքական և քրդական կողմերի արձագանքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով դրված հոդվածներում: