Երեկ` հունվարի 18-ին, Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները թուրքական ոստիկանների հատուկջոկատայինների տեղափոխող 2 զրահամեքենա են պայթեցրել, զոհվել է 5, վիրավորվել` 14 ոստիկան: Դիարբեքիր նահանգի Սուր գավառում սպանվել է 1 զինծառայող:
Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքը:
Մասնավորապես, PKK-ի զինյալները ինքնաշեն ռումբերով ոստիկանական զրահապատ մեքենան պայթեցրել էին Շրնաք նահանգի Իդիլ գավառի տարածքում: Նախնական տվյալներով՝ վիրավորվել էին անձնակազմի 7 անդամները, որոնցից 3-ը մահացել էին: Այս մասին հայտնել ենք նաև թուրք-քրդական բախումների վերաբերյալ երեկ` հունվարի 18-ին հրապարակած հոդվածում:
Ավելի ուշ քուրդ զինյալներն ականանետով Շրնաքի նահանգային կենտրոնական համանուն քաղաքում պայթեցրել էին թուրքական ոստիկանության մեկ այլ զրահամեքենա, ինչի հետևանքով սպանվել է առնվազն 2, վիրավորվել` 11 հատուկջոկատային:
Նույն օրը քրդական կազմակերպության զինյալների հետ բախումներում Դիարբեքիր նահանգի Սուր գավառում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող: Այս լուրը հաստատել է նաև Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը:
Ավելացնենք, որ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հունվարի 18-ին հայտնել էր, որ 2015-ի դեկտեմբերից մինչև 2016-ի հունվարի 17-ը Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Ջիզրե գավառում սպանվել է PKK-ի 337 զինյալ, Սիլոփի գավառում` 136, իսկ Դիարբեքիր նահանգի Սուր գավառում` 102 զինյալ: Ընդահանուր առմամբ, նշված երեք գավառներում 2015-ի դեկտեմբերից սկսված բախումներում թուրքական ուժայինները սպանել են 575 քուրդ զինյալ:
Հավելենք, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում քրդական զինյալները ինտենսիվացրել են գործողությունները թուրքական ուժայինների դեմ: Հունվարի 13-ի երեկոյան Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Չընար քաղաքի ոստիկանության բաժանմունքի շենքի մոտ պայթուցիկով լի մեքենա էր պայթեցվել, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, սպանվել է 6, վիրավորվել` 39 մարդ:
Նշենք, որ դեկտեմբերից սկսված գործողություններում Թուրքիան կենտրոնացրել է առնվազն 10 հազար զինվորական, սակայն քրդերի դեմ զինված պայքարին ներգրավված են նաև մի քանի հազար ոստիկանական հատուկջոկատային: Գործողությունները համակարգում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը, ինչը խոսում է հստակ պատերազմական իրավիճակի մասին:
Հետևելով քրդական և թուրքական աղբյուրների արձագանքներին` պարզ է դառնում, որ թուրքական պաշտոնական խողովակներով իբրև քուրդ զինյալներ ներկայացվող զոհերի մի մասին քրդական կողմը համարում է զինված պայքարի հետ կապ չունեցող խաղաղ բնակիչներ` թուրքական կառավարությանը մեղադրելով անմեղ մարդկանց սպանելու համար:
Ավելացնենք, որ 2015-ի դեկտեմբերից մինչ օրս Թուրքիայի արևելքում շարունակվող զինված բախումների ընթացքին թուրքական և քրդական կողմերի արձագանքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով դրված հոդվածներում: