Ռուսաստանը նախատեսում է զարգացնել իր հարաբերությունները մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, իսկ ՀԱՊԿ-ը դարձնել ունիվերսալ միջազգային կազմակերպություն: Այս մասին նշված է Ռուսաստանի անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդման՝ ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Եվգենի Լուկյանովը, լրագրողների համար մեկնաբանելով Ռուսաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը, նշել է, որ Ռուսաստանը մտադիր է զարգացնել համագործակցությունը մի շարք միջազգային կառույցներում: Անդրադառնալով հենց ՀԱՊԿ-ին՝ պաշտոնյան նշել է, որ իրենք «գործը տանում են նրան», որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը վերածվի ունիվերսալ միջազգային կազմակերպության, որն ունակ կլինի հակազդել ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին:
Մեկնաբանության մեջ պաշտոնյան նշել է, որ Ռուսաստանի ազգային անվտանգության ռազմավարության փոփոխությունը կապված է վերջին տարիներին միջազգային իրավիճակի սրման հետ: Խնդիրների լուծման մեջ, ըստ փաստաթղթի, հատուկ տեղ են գրավում Չինաստանի և Հնդկաստանի հետ ռազմավարական գործընկերությունը, արևելաասիական, լատինամերիկյան և աֆրիկյան երկրների հետ համագործակցությունը: Միաժամանակ Ռուսաստանը պատրաստ է զարգացնել հարաբերությունները ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մյուս պետությունների հետ, սակայն անընդունելի է համարում ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների մոտեցումը Ռուսաստանի սահմաններին:
Ավելացնենք, որ ՀԱՊԿ-ը ստեղծվել է որպես ռազմաքաղաքական միջազգային կազմակերպություն, որի նպատակն անդամ պետությունների դեմ ագրեսիայի դեպքում հավաքական ուժերով դրան հակազդելն է:
Չնայած դրան՝ 2015-ի դեկտեմբերին իր հարցազրույցներից մեկում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նույնպես նշել է, որ կազմակերպությունն ըստ էության չի սահմանափակվում միայն ռազմաքաղաքական խնդիրների լուծմամբ: Մասնավորապես, ըստ Բորդյուժայի, կազմակերպության անդամները համագործակցում են նաև անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարում, արտակարգ իրավիճակների դեպքում հումանիտար օգնության և տեղեկատվական անվտանգության ոլորտներում, ահաբեկչական կազմակերպությունների կողմից քաղաքացիների հավաքագրման դեպքերի դեմ և այլն:
Ներկայում կազմակերպությունը նախագահում է Հայաստանը, որն էլ այս տարվա համար նշել է կազմակերպության զարգացման առաջնահերթությունները, մասնավորապես՝ ռազմական բաղադրիչի զարգացումը: Օգոստոսին՝ կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստում (կազմակերպության գերագույն մարմինը՝ անդամ պետությունների նախագահների խորհուրդը) ՀՀ նախագահը հայտարարել է, որ առաջին պլան են մղվելու արագ արձագանքման հավաքական ուժերի և միավորված տարածաշրջանային ուժերի հետագա կատարելագործումը, դրանց կիրառման հետ կապված որոշումների կայացման և իրականացման օպերատիվության բարձրացումը, ինչպես նաև օպերատիվ և մարտական պատրաստվածության գծով համատեղ միջոցառումների անցկացումը: Սերժ Սարգսյանն առաջարկել է նաև որպես առաջին առաջնայնություններից մեկն ամրագրել «Մինչև 2025թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության» մշակման ավարտը:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության նպատակահարմարությանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 2016թ. հունվարին իր հարցազրույցներից մեկի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ հակամարտությունում Հայաստանը կարող է իր խնդիրները լուծել ինքնուրույն, իսկ ՀԱՊԿ-ի կազմում համագործակցությունն ուղղված է Թուրքիայից և այլ ուժերից եկող վտանգներին դիմակայելուն:
Նշենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կազմում են՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը ու Տաջիկստանը: Կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի դիտորդ պետություններ են Սերբիան և Աֆղանստանը: Մտադրություն կա որպես դիտորդ ներգրավել նաև Իրանին:
ՀԱՊԿ հավաքական ուժային բաղադրիչներից են հավաքական խաղաղապահ ուժերը, որոնք կազմված են ՀԱՊԿ անդամ 6 պետությունների զինված ուժերի ստորաբաժանումներից, ունեն ընդհանուր մոտ 3500 զինծառայող: Բացի հավաքական խաղաղապահ ուժերից, ՀԱՊԿ կազմում գործում են նաև օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը, որոնք ՀԱՊԿ տարածքից դուրս կիրառվելու մանդատ չունեն: Ներկայում ընթացքի մեջ է նաև ՀԱՊԿ հավաքական ավիացիոն ուժերի ստեղծման գործընթացը, որի նպատակն է հեշտացնել ՀԱՊԿ հավաքական ուժերի տեղափոխումները, սպառազինությունների մատակարարումը և այլն: