Թուրքիայի արևելքում սպանվել է թուրքական ոստիկանության 3 հատուկջոկատային

Հունվարի 18-ին «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK)  զինյալները Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգում թուրքական ոստիկանության հատուկջոկատայիններ տեղափոխող զրահամեքենա են պայթեցրել, ինչի հետևանքով սպանվել է առնվազն 3, վիրավորվել` 4 ոստիկան: Երեկ` հունվարի 17-ին, Դիարբեքիր նահանգի Սուր գավառում քրդական զինյալների հետ բախումներում սպանվել էր ևս 1 ոստիկան, իսկ հունվարի 16-ին նույն գավառում սպանվել էր Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, ևս 7-ը վիրավորվել էին: Այս տվյալները հրապարակել է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, սակայն հոդվածում կներկայացնենք նաև թուրքական և քրդական այլ աղբյուրների ներկայացրած տվյալները` հունվարի 15-18-ին Թուրքիայի արևելքում քրդական զինյալների հետ բախումների վերաբերյալ:

Պայթյուն Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Չընար քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտ

Պայթյուն Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Չընար քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտ

Հունվարի 18-ին PKK-ի զինյալները ինքնաշեն ռումբերով  ոստիկանական զրահապատ մեքենան պայթեցրել են Շրնաք նահանի Իդիլ գավառի տարածքում: Նախնական տվյալներով վիրավորվել են անձնակազմի 7 անդամները, որոնցից 3-ը մահացել են:

Նշված դեպքերից բացի, Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հունվարի 15-ին հայտնել էր Սուր նահանգում քրդերի հետ զինված բախումներում սպանված ևս 1 զինծառայողի մասին:

Բացի այդ, նույն աղբյուրը հունվարի 18-ին հայտնում է, որ 2015-ի դեկտեմբերից մինչև 2016-ի հունվարի 17-ը Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Ջիզրե գավառում սպանվել է PKK-ի 337 զինյալ, Սիլոփի գավառում` 136, իսկ Դիարբեքիր նահանգի Սուր գավառում` 102 զինյալ: Ընդահանուր առմամբ, նշված երեք գավառներում 2015-ի դեկտեմբերից սկսված բախումներում թուրքական ուժայինները սպանել են 575 քուրդ զինյալների:

Անցյալ շաբաթ թուրքական աղբյուրները հայտնել էին, որ 2015-ի դեկտեմբերի 2-ից մինչ օրս միայն Սուր գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և թուրքական ուժայինների բախումներում սպանվել է 94 քուրդ զինյալ և 15 ուժային:

Հիշեցնենք, որ  հունվարի 13-ի երեկոյան Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Չընար քաղաքի ոստիկանության բաժանմունքի շենքի մոտ պայթուցիկով լի մեքենա էր պայթեցվել, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, սպանվել է 6, վիրավորվել` 39 մարդ:

Նշենք, որ դեկտեմբերից սկսված գործողություններում Թուրքիան կենտրոնացրել է առնվազն 10 հազար զինվորական, սակայն քրդերի դեմ զինված պայքարին ներգրավված են նաև մի քանի հազար ոստիկանական հատուկջոկատայիններ: Գործողությունները համակարգում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը, ինչը խոսում է հստակ պատերազմական իրավիճակի մասին:

Թուրքական զինուժի հատուկջոկատայիններ Դիարբեքիրի Սուր գավառում

Թուրքական զինուժի հատուկջոկատայիններ Դիարբեքիրի Սուր գավառում

Հետևելով քրդական և թուրքական աղբյուրների արձագանքներին` պարզ է դառնում, որ թուրքական պաշտոնական խողովակներով իբրև քուրդ զինյալներ ներկայացվող զոհերի մի մասին քրդական կողմը համարում է զինված պայքարի հետ կապ չունեցող խաղաղ բնակիչներ` թուրքական կառավարությանը մեղադրելով անմեղ մարդկանց սպանելու համար:

Քրդական աղբյուրների արձագանքը`

ANF News լրատվական գործակալությունը հայտնում է, որ հունվարի 18-ին թուրքական ուժայինները Ջիզրեում ևս մեկ երեխա են սպանել, ինչպես նաև կրակել վիրավորներին փրկել փորձող մարդկանց վրա: Նույն աղբյյուրը նաև հայտնում է, որ հունավրի 18-ին Սուր գավառում շարունակվում են 48 օր առաջ վերսկսված զինված բախումները: Թուրքական ուժայինները տանկերով, հրետանիով և ծանր զինատեսակներով կրակում են բնակելի տների, մզկիթների վրա:

Ավելացնենք, որ քրդական գործակալությունն անդրադառնում է նաև թուրքական ուժայինների կորուստներին` հիմնականում ներկայացնելով նաև թուրքական աղբյուրներում տեղ գտած տվյալները, սակայն երբեմն տվյալները թուրքական ուժայինների հավելյալ կորուստների մասին են խոսում: Մասնավորապես հունվարի 17-ին աղբյուրը հայտնել էր, որ Ջիզրեում քրդական զինյալների և ուժայինների բախումներում սպանվել են ոստիկանության 4 հատուկջոկատայիններ:

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր գավառի կենտրոնում

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր գավառի կենտրոնում

Ավելացնենք, որ 2015-ի դեկտեմբերից մինչ օրս Թուրքիայի արևելքում շարունակվող զինված բախումների ընթացքի ընթացքին, թուրքական և քրդական կողմերի արձագանքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով դրված հոդվածներում:

One response to “Թուրքիայի արևելքում սպանվել է թուրքական ոստիկանության 3 հատուկջոկատային

  1. Pingback: Հունվարի 18-ին Թուրքիայի արևելքում PKK-ի հետ բախումներում սպանվել է առնվազն 6 ուժային, կան վիրավորներ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *