Թշնամու կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող • Առանց կորուստների կանխվել է թշնամու դիվերսիան • Պաշտպանության նախարարը մասնակցել է բանակային կորպուսների արդյունքների ամփոփմանը • ԵԱՀԿ ներկայացուցիչները դիտարկել են Թալիշի արևելյան ուղղությունը • Ստորագրվել է հայ-բրիտանական պաշտպանական համագործակցության պլանը • ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայում սկսվել են մոտոհրաձիգների, տանկիստների, օդաչուների վարժանքները • «Էրեբունի» ավիաբազայում հավաքել են դեկտեմբերին ստացած ուղղաթիռները

ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի արդյունքների ամփոփումը՝ ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի մասնակցությամբ
• Հունվարի 9-ին ՊԲ արևելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող Արամայիս Ոսկանյանը: Բակո Սահակյանի հրամանագրով՝ զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
• Հունվարի 14-ին հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի Արցախի հատվածի արևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ, որը ՊԲ դիրքապահները կանխել են առանց կորուստների:
• Հունվարի 12-15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը մասնակցել են նաև 2-րդ և 3-րդ, 5-րդ, 1-ին և 4-րդ բանակային կորպուսների, Պաշտպանության բանակի, ինչպես նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության 2015թ․ արդյունքների ամփոփման նիստերին։
• Հունվարի 14-ին ԵԱՀԿ առաքելությունը հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ: 2016թ․ առաջին դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակոցներ չեն արձանագրվել:
• Հունվարի 14-ին Լոնդոնում ստորագրվել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունների միջև պաշտպանական բնագավառում 2016-2017թթ․ համագործակցության պլանը, որն ընդգրկում է հիմնականում ռազմական կրթությանը և վերապատրաստմանը, տարբեր ոլորտներում փորձի փոխանակմանն առնչվող ոլորտներ։
• Շաբաթվա ընթացքում մեկնարկել են Ռուսաստանի ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մոտոհրաձիգների, տանկիստների, ինչպես նաև «Էրեբունի» ավիաբազայի ՄիԳ-29 կործանիչների օդաչուների մեկամսյա վարժանքները։
• ՌԴ ԶՈւ «Էրեբունի» ավիաբազայում ավարտվել է 2015-ի դեկտեմբերին ստացած Մի-24Պ հարվածային և Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռների հավաքման գործընթացը: Ուղղաթիռներն արդեն պատրաստ են ուսումնամարտական թռիչքների համար: