Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունների միջև պաշտպանական բնագավառում համագործակցության շրջանակներում Լոնդոնում հունվարի 14-ին անցկացվել են հայ-բրիտանական երկրորդ ռազմաքաղաքական խորհրդակցությունները, որին հայկական կողմից մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:
Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են 2015թ. երկկողմ համագործակցության արդյունքները և քննարկվել են հայ-բրիտանական պաշտպանական բնագավառում 2016-2017թ.թ. համագործակցության հեռանկարները: Քննարկումների արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը և քննարկումներին մասնակցող բրիտանական պատվիրակության ղեկավար, Բրիտանիայի միջազգային անվտանգային քաղաքականության տնօրեն Նիք Գըրը ստորագրել են Հայաստանի և Միացյալ Թագավորություն պաշտպանության նախարարությունների միջև պաշտպանական բնագավառում 2016-2017 թվականների համագործակցության պլանը:
Այն ընդգրկում է համագործակցության մոտ երկու տասնյակ ուղղություններ, որոնք հիմնականում առնչվում են ռազմական կրթությանը և վերապատրաստմանը, տարբեր ոլորտներում փորձի փոխանակմանը և այլն: ՀՀ Սահմանադրության փոփոխությունների ընդունումից հետո նախատեսվող ՀՀ պաշտպանությանը և անվտանգությանը վերաբերող օրենսդրության վերանայման նպատակով, հաշվի առնելով վերոնշյալ ոլորտներում Մեծ Բրիտանիայի խորհրդարանական կառավարման մեծ փորձը, համագործակցության պլանով նախատեսվում է խորհրդատվական աջակցություն:
Ռազմաքաղաքական խորհրդակցությունների ամփոփումը իրականացվել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության պահեստազորի և միջազգային պաշտպանական համագործակցության հարցերով պետական նախարար Ջուլիան Բրեյզերի հետ հանդիպման ընթացքում:
Նույն օրը ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով դիրեկտորատի տնօրեն Մայքլ Թաթհամի հետ: Քննարկվել են երկկողմ պաշտպանական համագործակցությանը, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև Արցախյան հակամարտությանն առնչվող հարցեր: Մասնավորապես՝ ներկայացվել է զինված դիմակայության իրավիճակը:
Նշենք, որ Մեծ Բրիտանիան ներկայացնող մասնագետներն ԱՄՆ մասնագետների հետ օժանդակել են նաև Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացին, որն ավարտվել է 2015թ․ վերջին:
Հիշեցնենք, որ հայ-բրիտանական առաջին ռազմաքաղաքական քննարկումներն անցկացվել են Հայաստանում 2014թ․ սեպտեմբերին։ Քննարկումների արդյունքում ստորագրվել է հայ-բրիտանական ռազմական համագործակցության 2015-2016 թվականների պլանը։
2015թ․ հուլիսին էլ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության անվտանգության քաղաքականության տնօրեն Նիք Գըրն այցելել է Հայաստան և ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկել Հայաստան-Բրիտանիա և Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր։