Մեկ ամսում Դիարբեքիրի Սուր գավառում սպանվել է առնվազն 15 թուրք ուժային

Թուրքական աղբյուրները հայտնում են, որ 2015-ի դեկտեմբերի 2-ից մինչ օրս Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սուր գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և թուրքական ուժայինների բախումներում սպանվել է 94 քուրդ զինյալ և 15 ուժային: Այս մասին այսօր` հունվարի 14-ին, հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը:

Թուրքական զինուժի հատուկջոկատայիններ Դիարբեքիրի Սուր գավառում

Թուրքական զինուժի հատուկջոկատայիններ Դիարբեքիրի Սուր գավառում

2015-ի դեկտեմբերի 2-ին Սուր գավառում «փողոց դուրս գալու արգելք» սահմանելուց հետո PKK-ի դեմ զինված պայքարին ներգրավվել են թուրքական ոստիկանության, իսկ դեկտեմբերի 18-ից` զինված ուժերի հատուկջոկատայինները: Գործողություններին մասնակցում են նաև «գյուղական պահապանները», որոնք թուրքական կառավարության կողմից` PKK-ի դեմ պայքարի համար զինված, հիմնականում ազգությամբ քուրդ ուժայիններ են:

Ընդհանուր առմամբ Սուր գավառում կենտրոնացվել է շուրջ 2000 թուրքական ուժային: Մինչ օրս շարունակվող բախումներում սպանվել է 8 զինվորական, 6 ոստիկան և 1 «գյուղական պահապան»: PKK-ն տվել է 94 սպանված:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը հունվարի 12-ին հայտնել էր, որ 2015-ի դեկտեմբերից մինչ 2016-ի հուվարի 11-ը Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Ջիզրե գավառում սպանվել է PKK-ի 265, Սիլոփի գավառում` 130, իսկ Դիարբեքիրի Սուր գավառում` 88 զինյալ: Ընդհանուր առմամբ սպանված քուրդ զինյալների թիվը նշված 3 գավառներում թուրքական պաշտոնական աղբյուրի փոխանցմամբ հասել է 483-ի:

Սակայն թուրքական «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնադրամ» հասարակական կազմակերպության` հունվարի 9-ին հրապարակված զեկույցում նշվում էր, որ 2015-ի դեկտեմբերից 11-ից մինչև 2016-ի հունվարի 8-ը Թուրքիայի արևելքում ուժայինները սպանել են 79 քաղաքացիական անձ, որոնցից 14-ն անչափահասներ են։

Քրդական աղբյուրները ևս շարունակում են հայտնել խաղաղ բնակիչների սպանության մասին: Մասնավորապես այսօր` հուվարի 14-ին, քրդական ANF News լրատվական գործակալությունը հայտնել է, որ Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Ջիզրե գավառում թուրքական ուժայինները վիրավորել են 4 անչափահաս երեխայի:

Նույն աղբյուրը նաև հայտնում է, որ հուլիսի 10-ին թուրքական ուժայինները Վանում 12 երիտասարդների են սպանել: Փորձաքննությունը երիտասարդների կողմից արձակած կրակոցի որևէ հետք չի հայտնաբերել:

Ավելացնենք նաև, որ հունվարի 14-ին պայթուցիկով բեռնված մեքենա էր պայթեցվել Դիրաբեքիրի Չընար քաղաքի ոստիկանության բաժանմունքի շենքի մոտ, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, սպանվել է 6, վիրավորվել` 39 մարդ: Թուրքական կողմը պայթյունը կազմակերպելու համար մեղադրում է քրդկան PKK-ին:

Այսպիսով կարող ենք նշել, որ երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են  խաղաղ բնակիչների սպանության համար:

2015-ի դեկտեմբերից մինչ օրս Թուրքիայի արևելքում շարունակվող զինված բախումների ընթացքի ընթացքին, թուրքական և քրդական կողմերի արձագանքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով դրված հոդվածներում:

2 responses to “Մեկ ամսում Դիարբեքիրի Սուր գավառում սպանվել է առնվազն 15 թուրք ուժային

  1. Pingback: Թուրքիայի արևելքում սպանվել է թուրքական ոստիկանության 3 հատուկջոկատային | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիայի ԶՈւ-ն հատուկջոկատայինների նոր խումբ է ուղարկել Դիարբեքիր | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *