Հունաստանը վավերացրել է Ռուսաստանից ռազմական արտադրանք գնելու համաձայնագիրը

Հունաստանի խորհրդարանը հունվարի 12-ին քվեարկությամբ հաստատել է 2013-ի դեկտեմբերին Ռուսաստանի հետ ստորագրած ռազմական նշանակության արտադրանքների ձեռքբերման համաձայնագիրը: Նշված արտադրանքները չեն կարող առանց Ռուսաստանի գրավոր համաձայնության փոխանցվել ցանկացած 3-րդ կողմի:  Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը` փոխանցելով Աթենքում սեփական թղթակցից ստացված տեղեկությունը:

Ս-300 ԶՀՀ. Հունաստանի զինված ուժեր

Ս-300 ԶՀՀ. Հունաստանի զինված ուժեր

Համաձայնագրի օգտին քվեարկել են Հունաստանի խորհրդարանի բոլոր կուսակցությունները, բացառությամբ կոմունիստական կուսակցության, որը ձեռնպահ է մնացել:

Նշված համաձայնագրով սահմանվում են Հունաստանին ռազմական նշանակության արտադարանքերի մատակարարման կարգը և ընդհանուր պայմանները: Արտադրանքները նախատեսված են Հունաստանի զինված ուժերում շահագործվելու համար և ենթակա չեն վերաարտահանման` առանց ռուսաստանյան կողմի գրավոր համաձայնության:

Համաձայնագրի գործողության ժամկետը հաստատվում է 5 տարով` սկսած հաստատման օրվանից և ինքնաբերաբար յուրաքանչյուր 5 տարին մեկ երկարացվում է, եթե կողմերը առարկություններ չունենան:

Համաձայնագիրը խորհրդարանում ներկայացնելիս Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամեննոսը նշել է, որ իրենց հիմնական խնդիրներից մեկը ՆԱՏՕ-ի անդամ երկրներից բացի նաև այլ երկրների հետ ռազմական համագործակցության զարգացումը և անհարժեշտ սպառազինության ձեռքբերումն են: Նա ավելացրել է, որ համաձայնագրի հաստատումը ձգձգվել է կառավարության փոփոխությունների պատճառով:

Ավելացնենք, որ Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիրն է, որ շահագործում է ռուսաստանյան արտադրության Ս-300 զենիթահրթիռային համակարգեր: Դրանք 1990-ականների կեսերին ձեռք է բերել Կիպրոսը, սակայն Թուրքիայի արձագանքը ստիպել է դրանք հանել կղզուց, որից հետո Հունաստանը Ս-300 համակարգերը սկսել է շահագործել ըստ իր պահանջների։

Ս-300-ից բացի, Հունաստանն իր հակաօդային ուժերի սպառազինությունում ունի նաև ռուսաստանայն արտադրության «Օսա» զենիթահրթիռային համալիր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *