Հունվարի 12-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողները Պարսից ծոցում ձերբակալել են ԱՄՆ զինված ուժերի 10 զինծառայողների և առգրավել նրանց ռազմական պարեկային կատերները։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական Reuters գործակալությունը։
Լրացում․ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Իրանը բաց է թողել ամերիկացի զինծառայողներին՝ հավաստիանալով, որ Իրանի տարածքային ջրերում նրանք հայտնվել են ոչ միտումնավոր։
Ամերիկյան կողմի պաշտոնական պնդումներով՝ միջադեպը պատճառը կատերներից մեկի անսարքությունն է եղել, ինչի պատճառով կատերները շարժվել են իրանական Ֆարսի կղզու, Պարսից ծոցի իրանական ջրերի ուղղությամբ, որտեղ էլ իրանական կողմը ձերբակալել է դրանց անձնակազմերին։
Պաշտոնական Թեհրանը, սակայն, ամերիկյան գործընկերների հետ զրույցում հավաստիացրել է, որ հնարավորինս արագ ԱՄՆ-ին է հանձնելու և՛ նավաստիներին, և՛ նրանց կատերները։
Պենտագոնի խոսնակի տվյալներով՝ ԱՄՆ ռազմական պարեկային կատերները իրանական ջրային տարածքում հայտնվել են ոչ միտումնավոր, նրանք Քուվեյթից նավարկել են դեպի Բահրեյն (Իրանին պատկանող կղզին հենց այս երկրների ճանապարհին է, Պարսից ծովի կենտրոնում)։ Սակայն անսարքության պատճառով հայտնվել են իրանական ջրային տարածքում։
Pingback: Միջադեպ ԱՄՆ-ի և Իրանի նավերի միջև Հորմուզի ծոցում | Ռազմ.info