Հունվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը մասնակցել են ՀՀ ՊՆ երկրորդ և երրորդ բանակային կորպուսների 2015թ․ ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված ռազմական խորհրդի նիստերին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը։
Հաշվետու զեկույցներով հանդես են եկել բանակային զորամիավորումների հրամանատարներն ու նրանց տեղակալները: Վերլուծվել են անցկացված մարտական և զորահավաքային պատրաստականության, օպերատիվ և շտաբային պատրաստության, զինվորական կարգապահության ամրապնդման, մարտական հերթապահության կրման պայմանների և թիկունքային ապահովման հարցերի կատարելագործմանն ուղղված միջոցառումների արդյունքները:
Ընդգծվել է, որ առավել բարձրացվել է զորքերի մարտական պատրաստության և առաջադրված մարտական խնդիրներին օպերատիվորեն արձագանքելու, զինծառայողների ինքնուրույնության ու նախաձեռնողականության աստիճանը, լուրջ ուշադրություն է դարձվել հատկապես առաջնագծում տարվող աշխատանքների կատարելագործմանը:
Ձեռք են բերվել ժամանակակից հեռահար, ճշգրիտ միջոցներ, լրակահավորվել և տարբեր միջոցներով հագեցվել են մարտական հենակետերը, ինժերենական ամրաշինական կառույցներն ու արգելափակոցները: Շահագործման են հանձնվել ռազմական նշանակության մի շարք նոր օբյեկտներ, թարմացվել է զորամասերի ուսումնանյութական բազան:
Հրամանատարի և զինվորի ճիշտ փոխգործակցության, նոր մարտավարական ձևերի կիրառման շնորհիվ նշյալ միջոցառումները թույլ են տվել վերահսկելու հակառակորդի շարժը, դիմագրավելու յուրաքանչյոր ոտնձգության՝ անհրաժեշտության դեպքում իրականացնելով պատժիչ գործողություններ, լիարժեք կերպով կատարվել է պետական սահմանի պահպանության խնդիրը:
Արձանագրված հաջողությունների համատեքստում բարձր գնահատելով բանակի յուրաքանչյուր օղակի դերն ու նշանակությունը` նախարար Սեյրան Օհանյանը անդրադարձել է նաև առկա բացթողումներին, դրանք վերացնելու միջոցառումներին ու աշխատանքային ուղղություններին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ 2016 ուսումնական տարում զինված ուժերը հավատարիմ են մնալու ամենօրյա զարգացման և շարունակական առաջընթացի սկզբունքներին` տարվա ընթացքում ղեկավարվելով «Պատրաստված հրամանատար, արհեստավարժ բանակ, ապահով հայրենիք» կարգախոսով:
Ռազմական խորհրդի նիստերի ընթացքում ուսումնական տարվա լավագույն արդյունքներ ցուցաբերած զինվորական ստորաբաժանումներին հանձնվել են պատվո դրոշներ, իսկ աչքի ընկած զինծառայողներին պարգևատրել են նախարար Օհանյանը և ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը։
Pingback: Ամփոփվել են 1-ին և 4-րդ բանակային կորպուսների 2015թ․ արդյունքները | Ռազմ.info
Pingback: Պաշտպանության բանակում ամփոփել են 2015թ․ աշխատանքները | Ռազմ.info