Թուրքիայի ընդդիմությունը պահանջում է չեղարկել Քաթարում ռազմաբազայի տեղակայումը

Թուրքիայի «Ժողովրդահանրապետական» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Ֆաիք Օզթրաքը Քաթարի հետ ռազմական համագործակցության պայմանագիրը վերանայելու բանաձև է առաջ քաշել խորհրդարանում` առաջարկելով չեղյալ հայտարարել Քաթարում զորք տեղակայելու որոշումը: Այս մասին հունվարի 10-ին հայտնում է թուրքական «Թարաֆ» պարբերականի կայքը:

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Թուրքական խորհրդարանում ամենաշատ մանդատները ստացած ընդդիմադիր կուսակցության պատգամավորը նշել է, որ հաշվի առնելով վերջին շրջանում Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև ծագած հակասությունները, Քաթարի` իբրև արաբական երկիր, այդ հակամարտությանը ներգրավվելու փաստը և արաբական թերակղզում լարվածության սպասվող հնարավոր աճը, իսլամի շիա և սուննի ճյուղերի հարաբերություների սրումը՝ Թուրքիայի ղեկավարությունը պետք է վերանայի պայմանագրով նախատեսված` Քաթարում թուրքական զինված ստորաբաժանումներ տեղակայելու և ռազմաբազա հիմնելու հարցը և չեղյալ հայտարարի Քաթարում զորք տեղակայելու որոշումը:

Հիշեցնենք, որ Քաթարում Թուրքիայի դեսպանը 2015-ի դեկտեմբերին հայտնել էր, որ Թուրքիան նախատեսում է ռազմաբազա հիմնել Քաթարում` տեղակայելով 3000 զինծառայողներ, ռազմաօդային, ինչպես նաև ռազմածովային ուժեր, հատուկ նշանակության ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա:

Հիշեցնենք նաև, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների սրման պատճառ դարձավ 2016-ի հունվարի սկզբին Սաուդյան Արաբիայում հեղինակավոր շիա հոգևորականի մահապատիժը, որից հետո խզվեցին այդ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *