Հունվարի 10-ին Թուրքիայի արևելքում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և թուրքական ուժայինների բախումների հետևանքով սպանվել է 3, վիրավորվել` 10 ուժային: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:
Հունվարի 10-ին Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սուր գավառում PKK-ի մարտիկների հետ բախումներում սպանվել են Թուրքիայի ԶՈւ 2, ոստիկանության` 1 հատուկջոկատայիներ, 8 զինծառայող և 2 ոստիկան վիրավորվել են:
Բացի այդ, թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը հունվարի 10-ին հայտնել է, որ նույն օրը Վան նահանգում PKK-ի հետ բախումներում սպանվել են 1 ոստիկան և 12 քուրդ զինյալ:
Առավել վաղ` հունվարի 8-ին, Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնել էր քրդերի հետ բախումներում հունվարի սկզբից զոհված 7 ուժայինների մասին: Այսպիսով, հունվարի 1-ից մինչ 10-ը թուրքական պետական աղբյուրները հայտնել են երկրի արևելքում քրդերի հետ բախումներում 11 սպանված ուժայինների մասին:
Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հունվարի 11-ին նաև հայտնել է, որ 2015-ի դեկտեմբերից շարունակվող բախումներում Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Ջիզրե գավառում PKK-ի զոհերի թիվը հունվարի 10-ի դրությամբ հասել է 261-ի, Սիլոփի գավառում` 126-ի, Դիարբեքիրի Սուր գավառում` 78-ի: Ընդհանուր առմամբ Թուրքիայի հարավարևելյան նշված 3 գավառներում քրդական ուժերը տվել են 465 սպանված:
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնել էր, որ 2015 թ. դեկտեմբերի սկզբից Թուրքիայի արևելքում ուժայինների հետ բախումներում սպանված 305 քուրդ զինյալների մասին:
Քրդական աղբյուրների անդրադարձը`
Նշենք, որ քրդական աղբյուրները 2015-ի դեկտեմբերից շարունակում են հայտնել, որ թուրքական ուժայինները երկրի արևելքում սպանում են խաղաղ բնակիչներին, որոնք ոչ մի կապ չունեն զինված պայքարի հետ:
Այսպես, հունվարի 8-ին քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության մոտ կանգնած IMCTV հեռուստաընկերության կայքը հայտնել էր, որ թուրքական ուժայինները Սուր գավառում մի 17-ամյա աղջկա են սպանել:
Նշենք, նաև, որ թուրքական «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնադրամ» հասարակական կազմակերպության` հունվարի 9-ին հրապարակված զեկույցում նշվում է, որ 2015-ի դեկտեմբերից 11-ից մինչև 2016-ի հունվարի 8-ը Թուրքիայի արևելքում ուժայինները սպանել են 79 քաղաքացիական անձ, որոնցից 14-ն անչափահասներ են: Իսկ վերջին 5 ամիսների ընթացքում սպանվել է 162 քաղաքացիական:
Նշվում է, որ հիմնական վնասը հասցվել է թուրքական ուժայինների` տանկերով և ծանր հրետանիով բնակելի շենքերն արկակոծելու հետևանքով:
Քրդական ANF News լրատվական գործակալությունն իր հերթին հայտնում է, որ հունվարի 10-ին թուրքական ուժայինները Ջիզրե գավառում սպանել են 2 քաղաքացիականների:
2015-ի դեկտեմբերից մինչ օրս Թուրքիայի արևելքում շարունակվող զինված բախումների ընթացքին, ինչպես նաև թուրքական և քրդական կողմերի արձագանքներին, բախման պատճառներին, քրդական PKK-ի գործունեության հիմնական ուղղություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով զետեղված հոդվածներում:
Ավելացնենք, որ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր, Մարդին և Շրնաք նահանգներում PKK-ի դեմ թուրքական կողմը կենտրոնացրել է ԶՈւ շուրջ 10 հազար զինծառայողներ` 14 գեներալի գլխավորությամբ, ինչպես նաև մի քանի հազար ոստիկաններ, որոնց մասին հստակ տվյալներ չեն հրապարակվում:
Pingback: Բախումներ Թուրքիայի արևելքում. հունվարի 12 | Ռազմ.info