Ռուսաստանի ԶՈւ օդադեսանտային զորքերը և ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ ստորաբաժանումներն այս տարի ապրիլին դեսանտավորման վարժանքներ են անցկացնելու Արկտիկայում և դեսանտավորվելու են լողացող սառցաբեկորներից մեկի վրա: Այս մասին ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Եվգենի Մեշկովը։
Նման վարժանքներ, ըստ գործակալության, ռուսաստանյան ստորաբաժանումներն իրականացրել են նաև 2014-2015 թվականներին։ Դրանց նպատակը անձնակազմի դեսանտավորման և որոնողափրկարարական գործողություններին վարժվածության մակարդակի բարձրացումն է։ Նախորդ տարիներին վարժանքներին մասնակցել է շուրջ 100 զինծառայող՝ սեփական հանդերձավորմամբ։
2015-ին վարժանքներին որպես ՀԱՊԿ ՕԱՀՈւ ստորաբաժանումներ մասնակցել են ռուսաստանցի և բելառուսցի զինծառայողներ, որոնք տեղանքում կողմնորոշման, տեղափոխման, տեղավորման (բազավորման) վարժանքներ են անցկացրել։
Ավելացնենք, որ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի նպատակը կազմակերպության անդամ պետություններին արագ օգնության հասնելն է, եթե դրա կարիքը լինի։ Այս ուժերի կազմում են ՀԱՊԿ 6 պետությունների զինված ուժերի առանձնացված ստորաբաժանումներ։
Ավելացնենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական միջազգային կազմակերպություն է, որի կազմում են՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը ու Տաջիկստանը: Կազմակերպության նպատակն անդամ երկրների անվտանգությունը հավաքական միջոցներով ապահովելն է:
Pingback: ՀՀ զինված ուժերը հնարավոր է Արկտիկայում մասնակցեն ՌԴ ԶՈւ օդադեսանտային ուժերի վարժանքներին | Ռազմ.info