Իրաքի ցամաքային զորքերի հրամանատարությունը շաբաթ օրը` հունվարի 9-ին, հերքել է թուրքական կողմի լուրերն այն մասին, թե հունվարի 7-ին «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման գրոհայինները հարձակվել են Իրաքի Մոսուլ քաղաքին մոտ տեղակայված «Բեշիքա» ռազմական ճամբարի թուրքական զինուժի ստորաբաժանումների վրա: Այս մասին հայտնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը` փոխանցելով Իրաքի պետական հեռուստաընկերության հայտարարությունը:
Մինչ այս՝ հունվարի 8-ին, թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնել էր հունվարի 7-ին ԻՊ-ի գրոհայինների` Իրաքի «Բեշիքա» ռազմական ճամբարի թուրքական ստորաբաժանումների վրա հարձակման մասին` նշելով, որ նախնական տվյալներով սպանվել է 17 գրոհային, իսկ թուրքական ուժերը վնաս չեն կրել:
Նույն օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ բախումներում սպանվել է 18 գրոհային, իսկ ԻՊ-ի հարձակումը մեկ անգամ ևս ցույց տվեց Իրաքում թուրքական զինուժի ստորաբաժանումների տեղակայման անհրաժեշտությունն այդ կառույցի դեմ պայքարի համատեքստում:
Կարող ենք ենթադրել, որ ԻՊ-ի հետ բախման մասին թուրքական կողմի պնդումները, ինչպես նաև դրան հետևած հայտարարությունը նպատակ ունեին ցույց տալ, որ թուրքական ստորաբաժանումները պետք է մնան Իրաքի տարածքում՝ ի հակառակ այդ երկրի ղեկավարության պահանջներին:
Իսկ խնդիրը ստեղծվել է նրանից, որ 2015թ․ դեկտեմբերի 4-ին Թուրքիան շուրջ 150-հոգանոց հատուկջոկատայինների ստորաբաժանում էր մտցրել Իրաք՝ Իրաքյան Քրդստանի փեշմերգե զինված ուժերի մարտիկներին մարզելու պատրվակով։ Մինչ այդ դեռևս 2015-ի գարնանը Թուրքիան ևս մեկ ստորաբաժանում էր տեղակայել նույն ռազմական ճամբարում: Դեկտեմբերի 5-ին, Իրաքի կառավարությունը Թուրքիայից պահանջել էր դուրս բերել ստորաբաժանումները:
Դեկտեմբերի 19-ին, Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ևս ընգգծել էր Իրաքի տարածքից թուրքական ստորաբաժանումների դուրսբերման անհրաժեշտությունը:
Նույն օրը Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Թուրքիան ամբողջությամբ դուրս է բերելու Իրաքի Մոսուլ քաղաքի մոտակայքում տեղակայած ստորաբաժանումները, սակայն վերջիններս դեռևս շարունակելու են մնալ Իրաքի տարածքում:
Դեկտեմբերի 22-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել էր, որ թուրքական այն ստորաբաժանումները, որոնք 2015-ի դեկտեմբերից առաջ գտնվում էին Իրաքում, շարունակելու են մնալ Իրաքի Մոսուլ քաղաքի մոտակայքի «Բեշիքա» ռազմական ճամբարում և մարզել փեշմերգեի մարտիկներին:
Սակայն դեկտեմբերի 25-ին Արաբական լիգայի անդամ երկրների արտգործնախարարներն Իրաքի կառավարության պահանջով Կահիրեում գումարած արտահերթ ժողովում Թուրքիայից պահանջել էին դուրս բերել զորքերը: