Թուրքիայի արևելյան Դիրաբեքիր և Շրնաք նահանգներում շարունակվող թուրք-քրդական բախումներում այսօր` հունվարի 8-ին, սպանվել է Թուրքիայի ԶՈւ 2 հատուկջոկատային, առնվազն ևս 4-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:
Թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը հայտնում է, որ միայն Դիարբեքիրի Սուր գավառում այսօր` հունվարի 8-ին, վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 4 հատուկջոկատային: Նշվում է, որ Սուր գավառում 2015-ի դեկտեմբերից մինչ օրս 38 օր շարունակվող բախումներում թուրքական ուժայինները տվել են 10 սպանված և 81 վիրավոր:
Ավելացնենք, որ հունվարի 6-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնել էր Շրնաք նահանգում 1 զինծառայողի սպանության մասին: Հունվարի 5-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն հայտնել էր Սուր գավառում 1 «գյուղական պահապանի» սպանության մասին, հունվարի 4-ին, 3-ին և 1-ին թուրքական աղբյուրը հայտնել էր երկրի արևելքում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ պայքարում զոհված ևս 3 զինծառայողների մասին:
Այսպիսով, Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը 2016-ի հունվարի 1-ից մինչ 8-ը հայտնել է երկրի արևելքում PKK-ի դեմ շարունակվող բախումներում զոհված 7 զինծառայողների մասին:
Սակայն պետք է հաշվի առնել, որ Թուրքիայի արևելյան շրջաններում PKK-ի դեմ պայքարում ընդգրկած են ոչ միայն զինված ուժերի, այլև թուրքական ոստիկանության հատուկջոկատայինները, որոնք մասին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը տեղեկություններ չի հրապարակում:
Հունվարի 7-ին քրդական ANF News լրատվական գործակալությունը հայտնել էր, որ հունվարի 6-ին Շրնաք նահանգում սպանվել է թուրքական ոստիկանության 4 հատուկջոկատային:
Հունվարի 6-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնել էր, որ 2015 թ. դեկտեմբերի սկզբից Թուրքիայի արևելքում ուժայինների հետ բախումներում սպանվել է 305 քուրդ զինյալ:
Սակայն քրդական աղբյուրները շարունակում են հայտնել, որ սպանվածների մեծ մասը խաղաղ բնակիչներ են և զինված պայքարի մասնակիցներ չեն:
Մասնավորապես քրդական ANF News լրատվական գործակալությունը դեկտեմբերի 25-ին հայտնել էր, որ թուրքական ուժայիններն արդեն 24-րդ օրն է, ինչ տանկերով և ծանր հրազենով կրակում են Սուր գավառի բնակելի շենքերի, ինչպես նաև կրոնական շենքերի վրա:
2015-ի դեկտեմբերին գրանցված բախումներին, ինչպես նաև թուրքական և քրդական կողմերի արձագանքներին, բախման պատճառներին, ինչպես նաև քրդական PKK-ի գործունեության հիմնական ուղղություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով.
- Թուրքիայի արևելքում շարունակվում են քրդերի հետ բախումները
- Թուրքիայի արևելքում թուրք-քրդական բախումներում սպանվել է 2, վիրավորվել` 13 ուժային
- Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի արևելքում. դեկտեմբերի 22-23
- Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի արևելքում. դեկտեմբերի 23-24
- Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի արևելքում. դեկտեմբերի 24-25
- Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի արևելքում. դեկտեմբերի 27-28
- Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի արևելքում. դեկտեմբերի 28-29
Ավելացնենք, որ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր, Մարդին և Շրնաք նահանգներում PKK-ի դեմ թուրքական կողմը կենտրոնացրել է ԶՈւ շուրջ 10 հազար զինծառայողներ` 14 գեներալի գլխավորությամբ, ինչպես նաև մի քանի հազար ոստիկան, որոնց մասին հստակ տվյալներ չեն հրապարակվում: