Հունվարի 8-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՊՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի խորհրդակցություն, ամփոփվել են 2015 թ. կատարված աշխատանքները և նախանշվել 2016 թ. անելիքները: Նիստը ղեկավարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մասնակցել են ՊՆ աշխատակիցներ, ԶՈւ ԳՇ հրամանատարությունը, տարբեր զինվորականներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պարգևատրում է 2015 թ. ուսումնական տարում աչքի ընկած զինվորականներին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ 2015-ը զինված ուժերի համար եղել է որակական առաջընթացի տարի, ներկայացրել է 2015-ին արձանագրված հաջողություններն ու ձեռքբերումները, դրանց թվում նշելով մասնավորապես զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց սոցիալական պաշտպանության և կադրային քաղաքականության ոլորտներում իրականացված բարեփոխումները:
Ձեռքբերումներ են արձանագրվել նաև զինված ուժերի թիկունքային ապահովման, ռազմաուսումնական հաստատություններում զինվորական կադրերի պատրաստման, անձնակազմի բուժսպասարկման և այլ բնագավառներում:
Պաշտպանության նախարարը նշել է, որ առաջիկա ուսումնական տարում զինված ուժերը հավատարիմ են մնալու ամենօրյա զարգացման, շարունակական առաջընթացի սկզբունքին` տարվա ընթացքում ղեկավարվելով «Պատրաստված հրամանատար, արհեստավարժ բանակ, ապահով հայրենիք» կարգախոսով և 2016 թվականը հայտարարելով «Հրամանատարական պատրաստության տարի»:
Խորհրդակցության ավարտին 2015 թ. ուսումնական տարվա արդյունքներով աչքի ընկած, բարեխիղճ և օրինակելի ծառայության համար մի շարք սպաներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ պաշտպանության նախարարի կողմից արժանացել են շնորհակալության, պարգևատրվել պատվոգրերով և գերատեսչական մեդալներով:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 3 – 9 հունվարի, 2016 | Ռազմ.info