Վրաստանում ուժայինները դաղստանցի 11 զինյալ են սպանել

Վրացի ուժայինները երեկ սպանել են Դաղստանի կողմից Վրաստան ներթափանցած 11 և շրջափակել ևս վեց զինյալի: Միջոցառումներ են իրականացվում վերջիններիս վնասազերծման ուղղությամբ:
Իրականացված միջոցառումների հետևանքով զոհվել է հատուկ ծառայությունների 3, վիրավորվել 5 աշխատակից: Այդ մասին հայտնում են Վրաստանի ՆԳՆ մամլո ծառայությունից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին, ռուս իրավապահների հետապնդումներից փախչելով, Վրաստանի Կախեթիի մարզ Դաղստանի այսպես կոչված «ցունտինյան խմբավորման» 20 զինյալ էր ներթափանցել:
Նշենք, որ երեկ վրացական “Новости-Грузия” գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իրավապահ մարմինների աղբյուրը, հայտնել էր, որ Վրաստանի ՆԳՆ ստորաբաժանումները ռուս-վրացական սահմանի դաղստանյան հատվածում կիրճ են արգելափակել, որտեղ ավելի վաղ զինված խումբ է հայտնաբերվել:
Միևնույն ժամանակ “Информационный центр Кахети” կայքը հայտնել էր, որ օգոստոսի 28-ի գիշերը Վրաստանի Թելավի շրջանի Լապանկուրի գյուղում, որից քիչ հեռու նկատվել էր զինված խմբավորումը, փակված է եղել ճանապարհը, գյուղ Վրաստանի ՆԳՆ ուժեր և բանակային ստորաբաժանումներ են մտցվել: Դեպի ռուս-վրացական սահման են շարժվել ՆԳՆ ավելի քան 200 աշխատակիցներ, զինվորականներ, ինչպես նաև «Շտապ օգնության» 10 մեքենա:
Հավելենք նաև, որ զինված խմբավորումը հայտնաբերելուց առաջ Վրաստանի ուժայինները երեք օր շարունակ որոնողական աշխատանքներ էին իրականացնում օրեր առաջ ռուս-վրացական սահմանի ուղղությամբ անտառ գնացած և չվերադարձած հինգ երիտասարդների հայտնաբերման ուղղությամբ:
Օգոստոսի 28-ի երեկոյան երիտասարդները հայտնաբերվել են: Հաղորդվում է, որ նրանց պատանդ էին վերցրել Վրաստան ներթափանցած զինյալները:
Միևնույն ժամանակ ռուսական Газета.ru թերթը, վկայակոչելով ՌԴ ուժային կառույցներում իր անանուն աղբյուրներին, գրում է, որ ՌԴ ուժային կառույցները հերքել են ռուս-վրացական սահմանից Վրաստան՝ զինված խմբավորումների ներթափանցման և մի քանի տեղաբնակների պատանդ վերցնելու վերաբերյալ՝ վրացական մումուլում տեղ գտած տեղեկությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *