ԱՄՆ միացյալ շտաբերի պետն այցելել է Թուրքիա, հանդիպել վարչապետին, ԳՇ պետին

Հունվարի 6-ին ԱՄՆ միացյալ շտաբերի պետ, ծովային հետևակի կորպուսի գեներալ Ջոզեֆ Դանֆորդը Թուրքիայի վարչապետի և ԶՈւ ԳՇ պետի հետ քննարկել է Սիրիայում գործող որոշ սուննի արաբական խմբավորումները համատեղ մարզելու ծրագրերը, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի մեխանիզմները, Թուրքիայի` Սիրիայի հետ սահմանների անվտանգության ապահովման, ինչպես նաև երկու երկրների ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս մասին հունվարի 6-ին հայտնում է ԱՄՆ ՊՆ մամուլի ծառայության կայքը:

ԱՄՆ ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Ջոզեֆ Դանֆորդը, Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը և վերջիններիս ուղեկցող պատվիրակությունները 2016-ի հունվարի 6-ին Անկարայում կայացած հանդիպմանը

ԱՄՆ ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Ջոզեֆ Դանֆորդը, Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը և վերջիններիս ուղեկցող պատվիրակությունները` 2016-ի հունվարի 6-ին Անկարայում կայացած հանդիպմանը

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն և ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը հյուրին ներկայացրել են Սիրիայի հետ սահմանի անվտանգության ապահովման մեխանիզմները, նշել, որ ներկայումս առավել վտանգավոր հատվածներում տեղակայել են հավելյալ 25 հազար զինծառայող ու համալրել սահմանին տեղակայված ոստիկանական ուժերը: Բացի այդ Թուրքիան շարունակում է նոր ամրություններ կառուցել Սիրիայի հետ սահմանի առավել թույլ վերահսկվող հատվածներում:

ԱՄՆ և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետեր, բանակի գեներալներ Ջոզեֆ Դանֆորդը և Հուլուսի Աքարը

ԱՄՆ և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետեր, բանակի գեներալներ Ջոզեֆ Դանֆորդը և Հուլուսի Աքարը

Նշենք, որ ԱՄՆ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպման ժամանակ Դանֆորդին առաջարկել են Թուրքիայի տարածքում համատեղ մարզել և զինել Սիրիայից ևս մի քանի սուննի արաբական խմբավորումներ՝ շեշտելով, որ կան խմբեր, որոնք կօժանդակեն թուրք-սիրիական սահմանների անվտանգության ապահովմանը: Ամերիկացի գեներալն իր հերթին հայտնել է, որ սահմանի մի հատվածի անվտանգությունն արդեն ապահովում են ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման և քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) մարտիկները:

Օգոստոսի կեսերին տեղեկություն եղավ, որ Թուրքիան Սիրիայի տարածքում «անվտանգ գոտի» է ստեղծում, ինչը շուտով հերքվեց: Ներկայում Թուրքիան նշում է, որ մտադիր են «անվտանգ գոտի» ստեղծել սահմանի մոտ և այդտեղից հեռացնել ԻՊ զինյալներին

Օգոստոսի կեսերին տեղեկություն եղավ, որ Թուրքիան Սիրիայի տարածքում «անվտանգ գոտի» է ստեղծում, ինչը շուտով հերքվեց: Ներկայում Թուրքիան նշում է, որ մտադիր են «անվտանգ գոտի» ստեղծել սահմանի մոտ և այդտեղից հեռացնել ԻՊ զինյալներին

Հիշեցնենք, որ 2015-ի դեկտեմբերի 4-ին թուրքական «Դողան հաբեր» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ թուրք-սիրիական սահմանի շուրջ 82 կմ հատվածում բետոնե մոդուլային ամրություններ են կառուցվում: Մասնավորապես 42 կմ պատ պետք է կառուցվի Գազիանթեփի (Այնթափ) և 40 կմ` Քիլիսի նահանգների` Սիրիային սահմանակից հատվածներում: Դեկտեմբերի 2-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է ամբողջությամբ փակել թուրք-սիրիական սահմանը ահաբեկիչների մուտքը կանխարգելելու համար։

Թուրքիայի ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ ֆիզիկապես չեն կարող վերահսկել թուրք-սիրիական սահմանի հսկայական հատվածն ամբողջությամբ:

Նշենք, որ Սիրիայի կողմից սահմանի հիմնական հատվածները վերահսկում են «Իսլամական պետությունը», ինչպես նաև Սիրիայի սուննի խմբավորումները, որոնց թվում են այսպես կոչված «Սիրիայի թուրքմենները», ում աջակցում է Թուրքիան, ինչպես նաև քրդական PYD-ի զինված ուժերը` «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատի» (YPG) ստորաբաժանումները:

Թուրք-սիրիական սահմանին կառուցված բետոն շարժական պատնեշ

Թուրք-սիրիական սահմանին կառուցված բետոն շարժական պատնեշ

Վերջիններիս հարցում ԱՄՆ և Թուրքիան տարաձայնություններ ունեն: Եթե ամերիկյան կողմը քրդերին դիտում է իբրև ԻՊ-ի դեմ պայքարում հիմնական դաշնակիցներից մեկը, ապա Թուրքիան մշտապես արտահայտել է իր բացասական դիրքորոշումը քրդական գործոնի ուժեղացման վերաբերյալ:

Թուրքիան PYD-ին միշտ դիտել է իբրև «Քրդական աշխատավորական կուսակցության» թև ու սպառնալիք Թուրքիայի անկախությանը։ 2014 թ. նոյեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանը PYD-ին կոչել է «նույնպիսի ահաբեկչական կազմակերպություն, ինչպիսին «Քրդական աշխատավորական կուսակցությունն» է», և մեղադրել ԱՄՆ-ին PYD-ին բացահայտորեն աջակցելու համար:

Ներկայումս պարզ չէ, թե արդյոք կողմերը համաձայնության են եկել քրդերի հարցում, սակայն հատկանշական է, որ հարցազրույցում ԱՄՆ ԶՈւ ԳՇ պետը շեշտել է Սիրիայի հենց սուննի արաբական որոշ խմբավորումները մարզելու թուրքական առաջարկի մասին:

Այսպիսով, կարելի է ենթադրել, որ կողմերի քննարկման հիմնական թեմաներից մեկը եղել է Սիրիայի հետ թուրքական սահմանների անվտանգության ապահովման հարցը: ԱՄՆ-ն շահագրգռված է դեպի Սիրիա, ինչպես նաև Սիրիայից ահաբեկիչների անցուդարձը քչացնելու, վերջիններիս մատակարարման հիմնական աղբյուրները փակելու: Թուրքիայի հիմնական խնդիրներից մեկը Սիրիայի հետ սահմանամերձ շրջաններում իրեն հավատարիմ խմբավորումները տեղակայելն է` փորձելով խուսափել քրդական ուժերի գերիշխանության հաստատումից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *