Հունվարի 6-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին այցելել է Թբիլիսիում հայկական Սուրբ Գևորգ եկեղեցի և մասնակցել սուրբծննդյան պատարագին: Խիդաշելիին ուղեկցել են ՊՆ և ԳՇ ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Խիդաշելին նշել է, որ Վրաստանի բանակում ծառայում են նաև Վրասանում ապրող հայեր և իր պարտքն է եղել շնորհավորել նաև նրանց տոնի կապակցությամբ:
«Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Աստծո հայտնության տոնը: Ես ուզում եմ շնորհավորել մեր էթնիկ հայ քաղաքացիներին` մաղթելով խաղաղություն, երջանկություն և հաջողություններ: Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել հայ զինծառայողներին, ովքեր ծառայում են մեր երկրին: Մենք բոլորս կառուցում ենք միացյալ, հզոր ու անկախ վրացական պետություն»,— ասել է Խիդաշելին:
Պատարագից հետո Խիդաշելին հանդիպել է նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին: Վերջինս Խիդաշելիին նվիրել է սրբապատկեր: