Նոյեմբերի 14-ին Հանրային հեռուստաընկերության «1-ին հարցազրույց» ծրագրի հյուրն է եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ներկայացնում ենք նրա հարցազրույցից հատվածներ, որոնք տրամադրել է ՊՆ լրատվության բաժինը
–Հայաստանում մեկնարկում է աշնանային զորակոչը: Ավելորդ է նշել, թե դրա բարեհաջող անցկացումը ինչ առանցքային նշանակություն ունի բանակի համար: Պարոն Օհանյան, արդյոք կա՞ առանձնահատկություն այս զորակոչում:
– Զորակոչի պատշաճ և օրինական անցկացումը պաշտպանության նախարարության գերակա նպատակներից մեկն է, և յուրաքանչյուր զորակոչի ընթացքում լինում են առանձնահատկություններ: Նախապատրաստական աշխատանքները բավականին բովանդակալից են: Որպեսզի ամեն ինչ անցնի արդար և առանց օրինախախտումների, մենք պարբերաբար բարեփոխումներ ենք անցկացնում, որոնք ուղղված են ինչպես զորակոչային միջոցառումների բոլոր կետերի պատշաճ կատարմանը, այնպես էլ զորակոչիկների հաշվառման, բուժզննման, հավաքակայանում զորամասերով բաշխման խնդիրներին և բուժհետազոտություններին: Այս զորակոչի ընթացքում մենք առավել մեծ ուշադրություն ենք դարձնում բժշկական խնդիրներին, առանձնահատկություններից մեկն էլ հենց սա է: Արդեն ավանդույթ են դարձել զորակոչի արդյունքների ամենամյա ամփոփումները. այդ ընթացքում իմի ենք բերում զորակոչի արդյունքները և խնդիրներ առաջադրում: Շաբաթ օրը մենք ամփոփեցինք 2011 թվականի գարնանային զորակոչի արդյունքները և խնդիրներ առաջադրեցինք այս զորակոչի համար: Ամեն մի ամփոփման ժամանակ առաջին հերթին արդյունքների վրա ենք հենվում, որպեսզի ապահովենք մեր հետագա առաջընթացը: Զորակոչից զորակոչ ունենք բավականին առաջընթաց, բայց լինում են նաև բացթողումներ, կաշառակերության դեպքեր ենք արձանագրում, պահանջկոտության հետ մեկտեղ կոռուպցիոն ռիսկերն են ավելանում: Այս խնդիրների շուրջ նույնպես և՛ պաշտպանության նախարարությունը, և՛ ոստիկանությունը, և՛ անվտանգության ծառայությունը, և՛ դատախազությունը լուրջ միջոցառումներ են ձեռնարկում:
Այս զորակոչի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ բավականին բարձր հիմքերի վրա են դրված ահազանգման ու բողոքարկման մեխանիզմները: Պաշտպանության նախարարի հրամանով պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո կազմվել է հանձնաժողով, որը քննարկում է քաղաքացիների բոլոր դիմում բողոքները, համապատասխան որոշումներ ընդունում, ներկայացնում պատկան մարմիններին: Բացի դրանից, գոյություն ունի թեժ գիծը` 1-88 հեռախոսահամարով: Նշեմ, որ մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները անչափ կարևոր են մեզ համար, ուստի օգտվելով առիթից՝ հորդորում եմ մեր հասարակությանը հարցերի դեպքում դիմել պաշտպանության նախարարության կետրոնական ապարատին, գլխավոր շտաբի պետին, փոխնախարարներին, իմ աշխատակազմին, անձամբ ինձ: Միաժամանակ տեղեկացնեմ, որ ահազանգման և բողոքարկման խնդիրները գտնվում են նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում. նրա զինվորական խորհրդականը ցանկացած պահի կարող է մտնել զինկոմիսարիատ և ստուգումներ իրականացնել: Յուրաքանչյուր ահազանգ, բողոքարկում մեզ կօգնի կատարելագործել զորակոչի անցկացման աշխատանքները: Վերջին ժամանակահատվածում մենք նաև միջազգային վերահսկողության մեխանիզմներ ենք գտել, օրինակ՝ ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակը և տարբեր կազմակերպություններ, ստանալով մեր հավանությունն ու աջակցությունը, զորակոչի մոնիթորիգներ են իրականացնում: Յուրաքանչյուր քաղաքացու իրավունքի պաշտպանությունը մեր գերատեսչության գերակա խնդիրն է:
– Պարոն նախարար, եթե մենք, իհարկե, ռազմական գաղտնիք չենք բացում՝ զորակոչվելուց հետո ե՞րբ է զինվորը շփվում զենքի հետ, ե՞րբ է նա համարվում բանակի՝ արդեն լիարժեք զինվոր:
– Զորակոչվելուց հետո յուրաքանչյուր զինվոր 35 օրվա ընթացքում անցում է զինվորի նախնական պատրաստության ծրագիրը և վեց ամիս սովորում համահավաք ստորաբաժանման կամզում կամ էլ նորակոչիկների նախապատրաստական գումարտակում, այսինքն՝ առաջին իսկ օրվանից ադապտացման գործընթացում նա սկսում է շփվել զենքի հետ և պատրաստության աստիճանի է հասնում վեց ամսյա ծառայությունից հետո:
– Ես դա ինչու նշեցի, որովհետև քիչ հետո կանցնենք նաև բանակի դեպքերին, որոնք հասարակական հնչեղություն են ունենում, երբեմն մենք լսում ենք զինվորի՝ զենքի հետ ոչ ճիշտ վարվելու հետևանքով պատահարների մասին: Սա որտեղի՞ց է գալիս, ո՞ր օղակում է թերացել:
– Դա ընդհանուր առմամբ վերաբերում է առաջին իսկ քայլերին՝ ադապտացման գործընթացին և զինվորի մասնագիտության նվազագույն ունակությունների տիրապետման խնդրին: Այդ առումով հորդորում եմ յուրաքանչյուր զինակոչիկի` նախ և առաջ լինել տոկուն, օրինապահ, տեր կանգնել իր իրավունքներին, իսկ իր պարատականությունների կատարման մեջ լինել բարեխիղճ: Ծնողներին, ովքեր իրենց որդիներին ուղարկում են զինծառայության, կհորդորեի լինել համբերատար և վստահ, քանզի զինվորական ծառայության առաջին իսկ օրվանից ստեղծվում են անվտանգության կանոնների սահմանման, ուսուցման և վերահսկողության բոլոր պայմանները: Այլ բան է, թե յուրաքանչյուր զինծառայող որքանով է սկսում արագ տեմպով տիրապետել այդ անվտանգության կանոններին և որքանով է նա ունակ այդ անվտանգության կանոնները մշտապես պահպանել ու չխախտել: Ցավոք սրտի, անվտանգության կանոնների խախտման դեպքեր լինում են: Ոչ մի բանակ երկրագնդի վրա զերծ չէ դրանից, ուստի պետք է հասնենք մի այնպիսի աստիճանի, որ զինծառայողները նախազորակոչային տարիքում գաղափարապես պատրաստ լինեն սահմանված ժամանակահատվածում տիրապետել զինվորականի մասնագիտությանը: Վեց ամսվա ծառայության ընթացքում մենք տալիս ենք այդ մասնագիտության նվազագույն ունակությունները և փորձում ենք հղկել նրա ֆիզիկական, ռամզահայրենասիրական, բարոյական հատկանիշները, ընդ որում, ոչ թե սերմանել, այլ հղկել, որովհետև նա պետք է այդ ամենը ձեռք բերեր նախազորակոչային տարիքում:
– Ոչ ոք չի բանավիճի, որ բանակում մեզ անհրաժեշտ է բարոյապես կայուն, ամուր զինվոր, որովհետև մեր աշխարհագրական դիրքը և այսօրվա իրավիճակը թելադրում է, որ մենք պետք է մարտունակ բանակ ունենանք և ոչ մի վայրկյան չնահանջենք այդ դիրքերից: Դուք այդ խնդրի լուծման համար ի՞նչ ճանապարհով եք աշխատում: Թերություններն առաջին հերթին հրամանատարական կազմո՞ւմ պիտի վերացվեն, թե՞ զորակոչային նախապատրաստական աշխատանքներում:
– Համակարգված մոտեցում պետք է ցուցաբերվի այդ գործընթացի նկատմամբ: Գտնում եմ, որ յուրաքանչյուր օղակում պետք է լուրջ աշխատեն այդ ուղղությամբ: Աշխատանքներ պետք է տարվեն ինչպես նախազորակոչային տարիքում և զինվորական ծառայության ընթացքում, այնպես էլ զինվորական ծառայությունից հետո, որովհետև նրանք զորահավաքային ռեսուրսների մաս են կազմում: Նախազորակոչային տարիքի աշխատանքները ուղղված են ռազմահայրենասիրական դաստիարակությանը, այդ առումով բոլոր դպրոցները այսօր կցված են զորամասերին, բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ մեր զիված ուժերի ղեկավար կազմին, և մենք նախնական զինվորական պատրաստության, գաղափարական պատրաստության տարաբնույթ միջոցառումներ ենք անցկացնում դպրոցների և բուհերի հետ: Այս վերջին տարիներին այդ աշխատանքները ավելի հետևողական են, որովհետև մենք նաև ուսումնանյութական բազան ենք կատարելագործում, զինղեկների պատրաստությունն է ավելի բարձրանում: Մյուս ուղղությունը ֆիզիկական պատրաստության և զինծառայողների առողջության ամրապնդման խնդիրն է: Ցավոք սրտի, այստեղ մենք ունենք որոշ խոչընդոտներ. այսօր բանակ են զորակոչվում մարդիկ, որոնք ֆիզիկական խնդիրներ ունեն, կանոնավոր ֆիզպատրաստությամբ, սպորտով չեն զբաղվում: Տվյալ պարագայում մեծ է դպրոցի դերակատարությունը: Եղել են դեպքեր, երբ Հանրապետական բժշկական հանձնաժողով են ներկայացել նորակոչիկներ, որոնք առաջին անգամ են բուժհետազոտվել, այնինչ նրանք պետք է այդ բուժհետազոտումը իրականացրած լինեին և արդեն բուժված ներկայանային հանձնաժողովին: Կուզեի նաև նշել, որ այդ ամենի վրա մեծ ուշադրություն պետք է դարձվի: Ի դեպ, ֆիզիկական պատրաստությունը և առողջ ապրելակերպը ոչ միայն զինվորականներին է անհրաժեշտ, այլ յուրաքանչյուր քաղաքացու: Այնպես որ, յուրաքանչյուր ոք անձամբ է պատասխանատու իր ֆիզիկական պատրաստության, ֆիզիկական կոփման խնդիրների համար: Այդպես գրված է նաև զինծառայողների պարտականությունների մեջ: Զինվորական ծառայության ավարտին հարազատ օջախներ են վերադառնում բավականին փոխված, կամային, տղամարդկային հատկանիշներով, բարոյական և տարբեր տիպի հմտություններով ու ունակություններով օժտված մարդկանց:
– Պարոն նախարար, չառանձնացնելով որևէ արտակարգ պատահար` խոսենք ընդհանուր դեպքերի մասին: Տվյալ պարագայում նորից ձեր առջև պահանջ է դրվում՝ ինչո՞ւ այն մարդիկ, ովքեր այս կամ այն դեպքի մեջ ուղղակի պատասխանատվություն ունեն, չեն պատժվում:
– Նշեմ հետևյալը. դեպքերի նկատմամբ առաջին հերթին անհանդուրժող է հենց բանակի ղեկավարությունը, որն ավելի լավ է տիրապետում իրավիճակին: Մենք առաջինն ենք ուզում բացահայտել, քանի որ ցանկացած հացագործության բացահայտում ամրապնդում է կարգապահությունը բանակում, և մթնոլորտ է ստեղծում միջանձնային հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Մենք այսօրվա տեղեկատվական դաշտում չենք կարող ոչինչ թաքցնել մեր հասարակությունից: Այդ գործընթացին մասնակցում են բոլոր տուժած զինծառայողների ծնողները: Ցավոք սրտի, գաղտինության ռեժիմից ելնելով՝ մենք նրանց մասնակից չենք դարձնում այն բոլոր խորհրդակցություններին, ժողովներին, կոլեգիաներին, որ անց ենք կացնում: Եթե նրանք գոնե մեկ անգամ ներկա լինեին, ապա կտեսնեին՝ որքան խստապահանջ ենք այդ քննարկումների ընթացքում: Այնպես որ մենք բաց ենք հասարակության առջև, անպատժելիության մթնոլորտ չկա: Յուրաքանչյուր դեպքի շուրջը հարուցվում է քրեական գործ. ովքեր քրեական պատասխանատվության են ենթարկվում, մենք հայտարարում ենք, ովքեր՝ ոչ, ծառայողական քննությամբ նրանք կարգապահական տույժեր են ստանում: Գտնում եմ, որ ամենօրյա մեր աշխատանքը, ամեն մի մանրուք մենք չպետք է հայտնենք ի լուր աշխարհի: Մենք նաև մեծ ուշադրություն ենք դարձնում լավ աշխատողներին: Նրանք խրախուսվում են. արդյունք ստանալու համար լավի վրա պետք է հենվել:
– Պաշտպանության նախարարությունը նաև համագործակցում է հասարակական կազմակերպությունների հետ, որոնք նույնպես փորձում են ստանալ իրենց հարցերի պատասխանները, բայց վերջերս Ձեր կողմից կոշտ արձագանք հնչեց հասարակական կազմակերպությունների հասցեին, պե՞տք էր այդպես անել:
– Ես արձագանքել եմ օրինական դաշտում, հանրությանը նորից ներկայացրել եմ մեր տեսակետը, այն է` պատրաստ ենք հասարակության հետ երկխոսության: Մենք այդ փորձը ունենք. հասարակական կազմակերպությունների հետ բանակը աշխատում է իր ծնված օրվանից: Տարբեր հասարակական կազմակերպություններ կան, որոնք կառուցողական են և փորձում են օգնել մեզ, խորհուրդներ են տալիս: Միանշանակ նրանց խորհուրդները ընդունվում են: Բազմաթիվ անձինք կան, ովքեր թերթում տարբեր նյութեր են տպել, թող իրենք ասեն, թե պաշտպանության նախարարը այդ նյութերի կապակցությամբ որքան մանրակրկիտ որոշումներ է ընդունում և ուղարկում զորամասեր: Բայց մենք անհանդուրժող ենք այն մարդկանց նկատմամբ, ովքեր ուզում են փնովել բանակը, զրոյի հավասարեցնել մեր աշխատանքը, ընդ որում, այնպիսի մարդիկ, որոնց որոշ մասը բանակում չի ծառայել: Այդ դեպքում ես այսպես եմ արտահայտվում՝ իսկ դատավորները ովքե՞ր են, իսկ դուք ո՞վ եք, որ կարող եք մեզ դատել: Մեզ կարող են դատել մասնագիտացած, մեզ հետ աշխատանքով թրծված մարդիկ: Բայց, այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք երկխոսության, պատրաստ ենք ընդունել բոլոր առողջ առաջարկները:
– Պարոն նախարար, մեր այս բոլոր մտահոգությունները, այսօրվա զրույցն անգամ ենթադրում է մի բան, որ այն երիտասարդը, ով բանակ է գնում, լիարժեք, բարոյապես կամային հատկություններով գնա և դրանով էլ վերադառնա, եթե չասենք՝ կրկնապատկած: Դա մի բառով կոչվում է մարտունակություն: Դուք երաշխավորու՞մ եք այդ մարտունակությունը: Մենք՝ քաղաքացիներս, մեր երկրում կարո՞ղ ենք հանգիստ քնել, ապրել՝ մտածելով, որ իսկապես մեր դիրքերում կանգնած է մարտունակ զինվոր:
– Գտնում եմ, որ յուրաքանչյուր բանակ իր մարտունակության քննությունը մարտական գործողությունների ժամանակ է հանձնում: Այսօր առաջնորդվելով «գերազանցությամբ ապահովել առավելություն հակառակորդների նկատմամբ» սկզբմունքով` գալիս ենք այն եզրակացության, որ մեր զինծառայողները, իրոք, այդ խնդիրը պատշաճ կերպով են իրականացնում: Այդ քննությունը մենք տվել ենք նաև արցախյան գոյապայքարի ժամանակ: Մեր զինվորը իր հերոսական ծառայությամբ այսօր ամեն օր ապացուցում է դա: Վերջին 17 տարիների ընթացքում մեր զինծառայողների կողմից տարված ծառայության արդյունքում մենք եկել ենք այնպիսի մի իրավիճակի, որ զերծ ենք պահում մեր տարածաշրջանը, մեր երկիրը ռազմական գործողություններից: Գոնե արցախյան հարցի լուծման ճանապարհով մենք հնարավորինս ամեն ինչ արել ենք, որպեսզի մեր հակառակորդը զերծ մնա ռազմական ճանապարհով հարցի լուծումից: Ինչքա՞ն դա կտևի, չգիտեմ, բայց համոզված եմ, որ մեր բանակը ինչ իրավիճակում էլ որ լինի, ինչպիսի մարտահրավերներ էլ լինեն մեր երկրի առաջ, մենք պատրաստ ենք մեր երկիրը պաշտպանելու: Այդ առումով մենք ուզում ենք մեր թիկունքում զգալ մեր ժողովրդի, մեր ծնողի, մեր հասարակության տաք շունչը և աջակցությունը:
Pingback: Կանայք դժգոհ են նախարարի հայտարարությունից. ամփոփում | Ռազմ.info