Թուրքիան և Սաուդյան Արաբիան ռազմավարական համագործակցության խորհուրդ են հիմնում

Դեկտեմբերի 29-ին Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը Թուրքիայի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսին հայտարարել է, որ երկու երկրները հիմնելու են բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհուրդ, որտեղ քննարկվելու են ռազմական, տնտեսական և փոխադարձ ներդրումային քաղաքականության հետ կապված հարցեր: Այս մասին հայտնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդը

Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Աբդել ալ-Ջուբեյրը հայտարարությունը տարածել է այդ երկրի մայրաքաղաք Ռիյադում Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլ Ազիզի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո:

Հավելենք, որ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ` դեկտեմբերի 29-ի հանդիպման ժամանակ Թուրքիայի և Սիրիայի ղեկավարները քննարկել են երկու երկրների ռազմական, տնտեսական և քաղաքական համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրները: Մասնավորապես կողմերն ընդգծել են, որ Սիրիայում պետք է վերջ դրվի Բաշար Ասադի իշխանությանը:

Նշենք, որ վերջին տարիներին զարգանում է Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ռազմական համագործակցությունը, քանի որ վերջիններս ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցներն են տարածաշրջանում, ինչպես նաև ունեն ընդհանուր շահեր՝ մասնավորապես Սիրիայում և Իրաքում ծավալված պայքարում։ Երկու պետություններն էլ կողմ են Սիրիայում Ասադի վարչակարգի տապալմանը, ինչը հաստատել են նաև այս հանդիպման ընթացքում։

Դեռևս 2013-ին Թուրքիան և Սաուդյան Արաբիան 5 տարի ժամկետով վավերացրել էին ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության համաձայնագիր, որով նախատեսում էր երկու պետությունների ռազմարդյունաբերական ոլորտների միջև համագործակցության զարգացում, ռազմական նշանակության ապրանքների և ծառայությունների թողարկում, փոխադարձ աջակցություն տեխնիկական և տրանսպորտային հարցերում։

2015-ի դեկտեմբերի 15-ին հայտարարվել էր Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ 34 մուսուլմանական երկրների ներգրավմամբ հակահաբեկչական կոալիցիայի ստեղծման մասին, որին մասնակցությունը հաստատել էր նաև Թուրքիան: Մեկ օր անց հայտարարություն տարածվեց, որ նորաստեղծ կոալիցիան քննարկում է Սիրիա հատուկջոկատայիններ ուղարկելու հարցը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *