Իսպանական Patriot-ները մինչև 2016-ի վերջ կմնան Թուրքիայում. Իսպանիայի ՊՆ

Իսպանիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ Թուրքիայի` Սիրիայի հետ օդային սահմանների պաշտպանության համար այդ երկրում տեղակայված Patriot ՀՕՊ համակարգերը մինչև 2016-ի դեկտեմբերի 31-ը կմնան Թուրքիայում: Այս մասին Իսպանիայի ՊՆ-ն հայտնել է ամերիկյան Defense News ռազմական լրատվակայքին:

Իսպանիայի զինված ուժերի Patriot ՀՕՊ համակարգի արձակման կայանը՝ Ադանայի օդային տարածքը հսկելիս

Իսպանիայի զինված ուժերի Patriot ՀՕՊ համակարգի արձակման կայանը՝ Ադանայի օդային տարածքը հսկելիս

Դեռևս դեկտեմբերի 15-ին իսպանական լրատվակայքերից մեկը տեղեկացրել էր, որ Իսպանիան որոշել է մեկ տարի ևս Թուրքիայում պահել իր 2 միավոր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը և սպասարկող 130-հոգանոց անձնակազմը:

Դեկտեմբերի 28-ին ամերիկյան Defense News` փոխանցելով սեփական ռազմական աղբյուրներից ստացված տեղեկությունը, նշում է նաև, որ Թուրքիայում տեղակայված գերմանական և ամերիկյան Patriot-ների դուրսբերումից հետո ՆԱՏՕ-ն մտադիր է նոր համակարգեր բացազատել այդ երկրում` Թուրքիայի օդային սահմանների պաշտպանությունն ապահովելու համար:

Մասնավորապես նշվում է, որ ՆԱՏՕ-ն Թուրքիայում տեղակայելու է SAMP/T հակաօդային պաշտպանության համակարգեր, իսկ ԱՄՆ-ն առաջարկելու է Սև ծովում մշտապես տեղակայել ներկայումս Իսպանիայի Ռոտա նավահանգստում բացազատված 4 միավոր Arleigh Burke դասի ականակիր նավերից մեկը:

Նշենք, որ 1936-ին ստորագրված Մոնտրեի կոնվենցիայով հաստատվում է, որ ոչ սևծովյան պետությունները Սև ծովը Միջերկրականին կապող Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով կարող են անցկացնել միայն մինչև 30 հազար տոննա տարողությամբ ռազմական նավեր, իսկ վերջիններս Սև ծովում կարող են մնալ առավելագույնը 21 օր: Սրանից հետևում է, որ ԱՄՆ-ն իրավաբանորեն չի կարող իր ականակիր նավը մշտական տեղակայման սկզբունքով բացազատել Սև ծովում:

Մինչ այս սակայն, եղել են դեպքեր, երբ 21-օրյա սահմանափակումը «հաղթահարելու» համար ԱՄՆ ռազմանավերը Թուրքիայում կանգնել են վերանորոգման կամ առաջին 21 օրը լրանալուց հետո դուրս են եկել Սև ծովից և նորից վերադարձել:

Ամերիկյան արտադրության Arleigh Burke դասի ականակիր նավերը նախատեսված են նավատորմի այլ նավերը հակառակորդի հականավային հրթիռներից պաշտպանելու համար, ինչպես նաև ունեն հակաօդային պաշտպանության համակարգ:

Մասնավորապես նշված դասի ականակիր նավերի սպառազինությունում առկա են ամերիկյան արտադրության Aegis զենիթահրթիռային համալիրներ, որոնց վրա տեղադրվում են Standard դասի տարբեր հրթիռներ: Նշված ՀՕՊ համակարգերի` ականակիրների սպառազինությունում առկա վերջին արդիակացված տարբերակի հեռահարությունը մինչև 500 կմ է: ՀՕՊ համակարգերից զատ նավերի սպառազինությունում առկա է նաև «Վուլկան-Ֆալանքս» դասի 6-փողանի 20 մմ տրամաչափով զենիթահրետանային համակարգ, որը նախատեսված է մինչև 1,5 կմ հեռավորության վրա հականավային հրթիռների խոցման համար, եթե վերջիններս կարողանան ճեղքել նավի ՀՕՊ համակարգը:

Ականակիրների արդիականցված տարբերակների վրա նշված համակարգի փոխարեն տեղադրվում է RIM-7 Sea Sparrow դասի զենիթահրթիռային համալիր, որի կառավարվող 24 հրթիռների արդյունավետ խոցման առավելագույն հեռավորությունը 20-30 կմ է, իսկ արդյունավետ խոցման առավելագույն բարձրությունը` 15 կմ: Նշված համակարգերից զատ ականակիրների սպառազինությունում առկա են նաև տարբեր տեսակի հրետանային համակարգեր:

Նշենք նաև, որ ֆրանս-իտալական համատեղ արտադրության ՍԱՄՊ/Տ (SAMP/T) զենիթահրթիռային համակարգը թևավոր, բալիստիկ հրթիռները,  կառավարվող և չկառավարվող  թռչող օբյեկտները հայտնաբերում է մինչև 600 կմ հեռավորության վրա:  Կազմի մեջ է մտնում միջին հեռահարության «Աստեր-30» կառավարվող զենիթային հրթիռը, որը կարողանում է խոցել մինչև 25 կմ բարձրության և 100կմ հեռավորության վրա գտնվող ուղղաթիռներ և ինքնաթիռներ։

ֆրանս-իտալական համատեղ արտադրության ՍԱՄՊ/Տ (SAMP/T) զենիթահրթիռային համակարգ

ֆրանս-իտալական համատեղ արտադրության ՍԱՄՊ/Տ (SAMP/T) զենիթահրթիռային համակարգ

Ավելացնենք, որ ընդամենը օրեր առաջ` դեկտեմբերի 22-ին, պարզ դարձավ, որ Գերմանիան դուրս է բերել 2013-ից այդ երկրում` Սիրիայի հետ օդային սահմանների անվտանգությունն ապահովելու համար տեղակայած Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը:

Դեկտեմբերի 16-ին էլ պարզ դարձավ, որ ԱՄՆ Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայից դուրս է բերել ընդամենը մեկ ամիս առաջ այդ երկրի օդային սահմանների անվտանգությունն ապահովելու համար այնտեղ տեղակայած 12 միավոր F-15C կործանիչները:

ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-15C կործանիչն «Ինջիրլիք» ռազմաբազայում

ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-15C կործանիչն «Ինջիրլիք» ռազմաբազայում

Դեկտեմբերի 19-ին ՆԱՏՕ-ն հաստատեց Թուրքիային տրամադրվելիք նոր «ՀՕՊ օգնության» փաթեթը, ինչը մասնավորապես ենթադրում է Սիրիայի հետ օդային սահմանների պաշտպանության հարցում այդ երկրին տրամադրել վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով (AEWAC) սպառազիված ինքնաթիռներ:

Դեկտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Գերմանիան ՆԱՏՕ-ի նշված ծրագրի շրջանակներում վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով սպառազինված ինքնաթիռներ (AWACS) և սպասարկող զինվորական անձնակազմ է տեղակայելու Թուրքիայում:

Նշենք նաև, որ Թուրքիան չունի սեփական միջին և մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր: ՀՕՊ համակարգերի ձեռքբերման մրցույթ էր հայտարարվել դեռևս 2013-ին, որին մասնակցում էին նաև Patriot-ները: Սակայն թուրքերը նախ` մրցույթի հաղթող ճանաչեցին Չինաստանի արտադրած HQ-9 համակարգերը (Ս-300-ի չինական կրկնօրինակ), հետո ՆԱՏՕ-ի ճնշման տակ չեղյալ հայտարարեցին իրենց որոշումը, այն էլ մի քանի անգամ:

Ս-300 ԶՀՀ-ի չինական կրկնօրինակ՝ HQ-9 ԶՀՀ

Ս-300 ԶՀՀ-ի չինական կրկնօրինակ՝ HQ-9 ԶՀՀ

One response to “Իսպանական Patriot-ները մինչև 2016-ի վերջ կմնան Թուրքիայում. Իսպանիայի ՊՆ

  1. Pingback: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն անդրադարձել է Թուրքիային օգնությանը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *