Դեկտեմբերի 28-29-ին թուրքական պաշտոնական աղբյուրները հայտնել են երկրի արևելքում քրդերի հետ շարունակվող բախումներում զոհված 1, վիրավորված` 11 ուժայինների մասին: Քրդական աղբյուրները հայտնում են նշված ժամանակահատվածում սպանված առնվազն 8 ուժայինների մասին:
Մասնավորապես դեկտեմբերի 28-ին Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Սիլոփի գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների հետ բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող` ևս մեկը վիրավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Դեկտեմբերի 28-ին Դիարբեքիր նահանգի Սուր գավառում վիրավորվել էին 9 ուժայիններ, ինչի մասին մենք հայտնել էինք երեկ:
«Անադոլուն»` փոխանցելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբից ստացված տեղեկությունները, հայտնում է նաև, որ դեկտեմբերին միայն Շրնաք նահանգի Ջիզրե և Սիլոփի, ինչպես նաև Դիարբեքիր նահանգի Սուր գավառներում քրդերի հետ շարունակվող բախումների արդյունքում սպանվել է PKK-ի 214 գրոհային, որոնցից 155-ը Ջիզրեում, 17-ը` Սիլոփիում և 42-ը` Սուր գավառում:
Նույն գործակալությունը նշում է, որ այսօր` դեկտեմբերի 29-ին, Շրնաք քաղաքում քուրդ զինյալները հրազենից վիրավորել են Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայողի:
Հավելենք` քրդական աղբյուրները շարունակում են հայտնել, որ թուրքական ուժայինները սպանել են խաղաղ բնակիչների, այլ ոչ PKK-ի գրոհայինների: Այդ իսկ պատճառով թուրքական աղբյուրների լուսաբանումներ ներկայացնելուց հետո անդրադարձել ենք նաև քրդական աղբյուրների տրամադրած տեղեկություններին:
Թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը հայտնում է, որ դեկտեմբերի 2-ից մինչ 29-ը Դիարբեքիրի Սուր գավառում PKK-ի հետ բախումներում սպանվել է 4, վիրավորվել` 52 ուժային:
Ավելացնենք, որ թուրքական լրատվամիջոցները մյուս գավառներում ընթացող բախումների հետևանքով զոհված և վիրավոր ուժայինների վիճակագրությունը չեն ներկայացանում` չնայած որ Շրնաք նահանգի միայն Ջիզրե նահանգում թուրքական կողմը մի քանի անգամ ավելի շատ կորուստներ է կրել, քան նշված Սուր գավառում:
Թուրքիայի արևելքում շարունակվող զինված բախումների բացի, PKK-ի դեմ գործողություններ են իրականացվում նաև երկրի արևմտյան հատվածներում: Մասնավորապես այսօր` դեկտեմբերի 29-ին, Ստամբուլ քաղաքում թուրքական ոստիկանության հակաահաբեկչական բաժնի աշխատակիցները հատուկ գործողություններ են իրականացրել PKK-ի անդամների դեմ` ձերբակալելով 4 կասկածյալի, ինչի մասին հայտնում է «Անադոլուն»:
Քրդական աղբյուրների անդրադարձը թուրք-քրդական բախումներին`
Քրդական ANF News լրատվական գործակալությունը փոխանցում է PKK-ի երիտասարդական թև համարվող
Մասնավորապես նշվում է, որ YDG-H-ն սկսել է սպանված քաղաքացիականների դիմաց սպանել թուրքական ուժայինների: Դեկտեմբերի 28-ին Ջիզրե գավառում սպանված 5 և 15 տարեկան երեխաների փոխարեն իրենք նույն օրը սպանել են առնվազն 4 հատուկջոկատայինների (5 տարեկան երեխայի սպանության լուրը հաստատել էին նաև թուրքական լրատվամիջոցները, սակայն նշելով, որ վերջիններս քուրդ զինյալներն են սպանել):
Սուր գավառում դեկտեմբերի 27-ին սպանվել է 1, իսկ 28-ին` ևս 4 հատուկջոկատային: Մեկ ուժային էլ վիրավորվել է:
Նույն գործակալությունը հայտնում է, որ այսօր` դեկտեմբերի 29-ին, Ջիզրեում սպանվել է առնվազն 1, վիրավորվել` մի քանի ուժայիններ: Թուրքական ուժայինները շարունակում են կրակել բնակելի շենքերի ուղղությամբ, սպանել և վիրավորել խաղաղ բնակիչների:
Թուրք-քրդական բախումների նախորդ լուսաբանումներին կարող եք ծանոթանալ այստեղ, որտեղ մանրամասն ներկայացրել ենք թուրքական և քրդական աղբյուրների անդրադարձերը երկրի արևելքում ընթացքող բախումներին:
Ավելացնենք, որ Դիարբեքիր, Մարդին և Շրնաք նահանգներում PKK-ի հետ բախումներում երկու շաբաթ առաջ ներկայացված տվյալների համաձայն` ներգրավված են Թուրքիայի ԶՈւ 10 հազար զինծառայողներ` 14 գեներալի գլխավորությամբ, ինչպես նաև մի քանի հազար ոստիկան, որոնց մասին հստակ տվյալներ չեն հրապարակվում: